Տավուշի մարզի Պտղավան համայնքի բնակիչ, օրերս մահացած 10-ամյա Մակեդոն Գիգաուրին հում սունկ է կերել, որից էլ թունավորվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը:
«Անտառում սունկ է քաղել ու առանց եփելու կերել, պարզվել է, որ թունավոր սունկ է եղել: Մակեդոնը մտավոր խնդիրներ ուներ: Գյուղի ամենաանապահով ընտանիքն են, չեն հասկացել, որ երեխան թունավորված է եղել, մինչեւ չի ուշաթափվել, գիտակցությունը չի կորցրել, հիվանդանոց չեն տեղափոխել»,- ասաց գյուղապետը:
Արայիկ Պարանյանի խոսքով՝ ընտանիքի եկամուտի միակ միջոցը փոքրիկ հողատարածքն է, որը հայրն է մշակում, իսկ մայրը չի աշխատում: Մակեդոնը տան ավագ որդին էր, քույրը մի քանի ամսական է:
Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության՝ սունկն ուտելուց հետո հոկտեմբերի 9-ին երեխայի ինքնազգացողությունը վատացել է. ի հայտ են եկել գլխացավ, գլխապտույտ, փսխումներ եւ լուծ, սակայն բժշկի չեն դիմել: Հաջորդ օրն առավոտյան երեխան ունեցել է գիտակցության կորուստ, որից հետո նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ժամը 19:00-ին ծայրահեղ ծանր վիճակում, սանիտարական ավիացիայով տեղափոխել են Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին` ցավոք, հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:



























