Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները ինձ համար ոչ նորություն էր, ոչ էլ վիրավորանք էր, սա ինձ հիշեցրեց խորհրդային տարիները, երբ անկախության մասին խոսողները համարվում էին ջղաձգվողներ եւ հայրենիքի դավաճաններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ պատճառն այն է, որ հայկական քաղաքական միտքը մեծացել էր ստրկության մեջ, որոնք դաստիարակվել էին կղերական, այնուհետեւ խորհրդային կաղապարներով եւ մեր ժողովրդի մեջ մտցրել էին մի գաղափարախոսություն, որ մենք առանց հովանավորի չենք կարող ապրել: Ավետիք Իշխանյանի խոսքով՝ 1991թ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը իրավիճակից օգտվելու իշխանության գալ էր, եւ որպես Ղարաբաղ կոմիտեի անդամ՝ կարող է պնդել, որ նա այն անդամերից էր, ով հիմնականում դեմ էր անկախությանը: «Դա ինձ համար նորություն չէր, նրանց համար է նորություն, ով նրան համարում էր Հայաստանի անկախության համար պայքարող, հիմնադիր նախագահ էին անվանում՝ նրան համեմատելով Հայկ Նահապետի հետ, որը ուղղակի ծիծաղելի է: Նա բացահայտ ասաց, որ անկախությունը իր համար ոչ մի արժեք չունի, իր համար կարեւորը ադմինիստրատիվ, վարչական միավոր եղած Հայաստանում իշխանության հասնելն է, ինչպես խորհրդային ժամանակ էր»,-ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահը:
Նա շեշտեց, որ եռյակի թիրախը իշխանության տիրանալն է՝ առանց որեւէ գաղափարական հենքի: Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ սա սովորական իշխանության համար պայքար է որը տեսել ենք 1990-ականներից, եթե նախկինում մեզ թվում էր, թե կա գաղափարական հենք, ապա այսօր որեւէ գաղափարական բան չենք տեսնում: «Խնդիրն այն, որ Հայաստանի իշխանությունները չոքել են Ռուսաստանի առջեւ, իսկ ընդդիմությունը փորձում է ցույց տալ, որ ավելի չոքած կարող է լինել Ռուսաստանի առաջ եւ նրանց միջոցով փորձում է իշխանության գալ: Հայաստանում այս համակարգը, որը ներդրվել է եւ քայքայում է պետականությունը, ինքնիշխանության, անկախության զիջումը, այս ամենի մեջ իրենց մեղքը ունեցել են նախկին եւ ներկա իշխանությունները, նրանց միջեւ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ որեւէ տարբերություն չեմ տեսնում»,-ասաց Ավետիք Իշխանյանը:




























