ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Նրանց փոխանցմամբ՝ գործը գտնվում է զինվորական քննչական վարույթում, նախաքննությունը մոտենում է ավարտին:

«Գործով մեղադրվող Վոլոդյա Բաբիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ եւ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ ավելի վաղ սպանված զինվորի հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ գործն արդեն դատարանում է, իսկ իրենք հրաժարվել են մասնակցել դատական նիստերին: Դերենիկի հարազատները համոզված են, որ պատահականություն է եղել, Վոլոդյան չի ցանկացել սպանել ամենամոտ ընկերոջը:

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը: