Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած, ապա կալանավորված Հայկ Կյուրեղյանի գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաեւ իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջեւի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին պատկանող «Միցուբիշի Պաջերո իո» մակնիշի, «21 ՕԼ 053» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի տանիքին: Այնուհետեւ Հայկն անտեսել է  տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել մեքենայի տանիքի վրայով եւ դիտավորությամբ վնասել այն՝ Ք. Սարդարյանին պատճառելով 284.000 (երկու հարյուր ութսունչորս հազար) ՀՀ դրամի գույքային վնաս, աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, եւ Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ եւ դիտավորությամբ նրանց առողջությանր պատճառել թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դրանից հետո Հայկը ոստիկաններին սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստմասե առարկայով պայթեցնել մարդկանց հոծ բազմության կողքին կայանված ավտոմեքենան, ապա շարունակելով անհնազանդ վարքագիծը եւ չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին դասկի 2-րդ վաշտի հրամանատար Արայիկ Վիկտորի Աբելյանի՝ ավտոմեքենայի տանիքից իջնելու օրինական պահանջին, եւ տեսնելով նրա ձգտումը՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ խափանելու իր գործողությունները, կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հիշյալ ատրճանակով կրակել է Ա. Աբելյանի ուղղությամբ եւ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել է թեթեւ վնաս:

Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 316-րդ մասի 4-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: