ԱՄՆ-ն պետք է հիշի՝ ինչի կհանգեցնի միջուկային գերտերությունների միջեւ հակասությունը։ Դա նրանց կստիպի հրաժարվել շանտաժի փորձերից, իսկ Մոսկվան էլ, իր հերթին, պատրաստ է գործընկերների հետ կառուցողական համագործակցության, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։
«Մեր երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս ճգնաժամն առաջինը չէ։ Հուսանք, որ գործընկերները գիտակցում են Ռուսաստանին շանտաժի ենթարկելու փորձերի անմտությունը, կհիշեն, թե ինչի է հանգեցնում միջուկային խոշոր գերտերությունների միջեւ հակասությունը ռազմավարական կայունության համար։ Մեր կողմից պատրաստ ենք կառուցողական համագործակցության՝ իրավահավասարության եւ միմյանց շահերն իրապես հաշվի առնելու սկզբունքների հիման վրա», - Սերբիայի «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում ասել է Պուտինը։
«Այն, ինչ կատարվում է այս տարեսկզբից, ավելի շատ է մտահոգում։ Վաշինգտոնն ակտիվորեն աջակցեց մայդանին, իսկ երբ իր դրածոները Կիեւում կատաղի ազգայնականությամբ իրենց դեմ տրամադրեցին Ուկրաինայի զգալի մասին եւ երկիրը քաղաքացիական պատերազմի մատնեցին, սկսեց մեղադրել Ռուսաստանին ճգնաժամ հրահրելու մեջ», - ասել է ՌԴ նախագահը։




























