«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աղմկահարույց որոշումներից մեկն էլ վերաբերում էր ատամնաբույժներին։ Դեռեւս 2013 թ. Հայաստանի տարբեր կլինիկաների բժիշկ-ատամնաբույժներ հրապարակային ակցիաներ իրականացրին՝ Սերժ Սարգսյանից պահանջելով վերանայել Տիգրան Սարգսյանի որոշումը, ըստ որի՝ յուրաքանչյուր զբաղեցրած բազկաթոռի համար ատամնաբույժը ամսական 15.000 դրամի փոխարեն պետք է վճարեր 80.000 դրամ։
Կախված նրանից, թե կլինիկան որ համայնքում էր, ըստ այդմ էլ բարձրանում էր բազկաթոռի գինը. Այսինքն՝ Կենտրոն համայնքի կլինիկաները ավելի շատ էին վճարում, քան օրինակ՝ Արաբկիր համայնքինը։ Արաբկիրն էլ իր հերթին ավելի էր վճարում, քան Մալաթիա-Սեբաստիան։ Որոշումը մտավ ուժի մեջ, եւ ակցիաները օգուտ չտվեցին։
«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մոտ է կանչել ստոմատոլոգներին՝ հորդորելով նրանց ներկայացնել այն խնդիրները, որոնք խանգարում են իրենց աշխատել։ Նա ակնարկել է, որ պատրաստ է վերանայել վերջին որոշումը, եթե այն խոչընդոտում է բժիշկների աշխատանքին։
 Հավելենք նաեւ, որ այս պահին առաջին պլան է մղվել ստոմատոլոգների լիցենզավորման խնդիրը։ Մեզ հետ զրույցում մասնագետները նշեցին, որ լիցենզավորման կարգի համաձայն, բժիշկները պետք է 5 տարին մեկ մասնակցեն վերապատրաստման դասընթացին՝ մեկուկես ամիս հաճախելով դասընթացների եւ դրա դիմաց վճարելով մոտ 180 հազար դրամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում