Ուկրաինայի իրավիճակի պատճառով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Արեւմուտքի փորձերը բարդացնում են ճգնաժամի կարգավորումը: Այս մասին, ըստ ԲՄՖ ռադիոյի, սերբական թերթի հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նման միակողմանի, անօրինական սահմանափակող քայլերով Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձերը իրավիճակի վրա միայն բացասական ազդեցություն են թողնում», - նշել է Պուտինը՝ կասկած հայտնելով, թե Արեւմուտքը նորանոր սահմանափակումները կիրառում է Ուկրաինայի ճգնաժամը մեղմելու նպատակով, քանի որ պատժամիջոցների հերթական փաթեթն ուժի մեջ է մտել խաղաղ գործընթացի առաջխաղացման մասին պայմանավորվածությունների ձեռքբերմանը զուգահեռ:

«Եթե գլխավոր ձգտումը մեր երկրի մեկուսացումն է, ապա դա միանգամայն անհեթեթ, պատրանքային նպատակ է»,- ասել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ դա անելն անհնար է:

Նա հավելել է, որ այդ գործողություններից ոչ քիչ վնաս կարող է կրել մասնավորապես Եվրոպայի եւ ընդհանրապես աշխարհի տնտեսական առողջությունը: