Նավթի գինը շարունակում է նվազել՝ ԱՄՆ-ի էներգակիրների պաշարների մասին տվյալներին սպասելիս, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Աղբյուրը հստակեցնում է, որ Brent նավթի դեկտեմբերի ֆյուչերսները  Լոնդոնի բորսայում հոկտեմբերի 16-ին հասել են մեկ բարելի դիմաց 83,35 դոլարի: WTI նավթի նոյեմբերի ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազել են 0,95 դոլարով՝ կազմելով 80,83 դոլար մեկ բարելի դիմաց:

Ըստ Ամերիկայի նավթի ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ում անցյալ շաբաթվա ընթացքում նավթի պաշարները աճել են 10,2 մլն բարելով: «Թերթաքարի նավթի արտադրությունը շարունակում է աճել: Շուկայի նկատմամբ վստահությունը շատ թույլ է, բարելի դիմաց 80 դոլար  գնի մակարդակը հոգեբանորեն կարեւոր է», - մեջբերում է աղբյուրը Ayers Alliance Securities-ի ներդրումային բաժնի տնօրենի կանխատեսումը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Քուվեյթի եւ Ալժիրի նավթի նախարարները նախկինում հասկացրել էին, որ մտադիր չեն պակասեցնել արդյունահանումը, մինչդեռ Վենեսուելան անցյալ շաբաթ Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ մյուս երկրներին կոչ է արել արտակարգ նիստ գումարել՝ նավթի համաշխարհային գների անկմանը պատասխան մշակելու համար:

Նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Վիեննայում: