Գյումրիում նորածին թոռնիկին վաճառելու դեպքով ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Քննության տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին, այս պահին նյութերի նախապատրաստումը շարունակվում է, ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Գյումրիի բնակչուհիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նորածին թոռնիկին գումարի դիմաց հենց ծննդատանը տվել են համաքաղաքացիներից մեկին. վերջինս երեխային տարել է, սակայն խոստացված գումարը` 1000 դոլարը, դեռ չի տվել: Բնակչուհու աղջիկը ծննդաբերել է դեռեւս սեպտեմբերին` տղա երեխա, սակայն մինչ այդ, երբ նա հղիության 8-րդ ամսում էր, մայրը համաձայնության է եկել ծննդաբերությունից հետո դստեր երեխային վաճառելու հարցի շուրջ` 1000 դոլարի դիմաց: Աղջիկը ծննդաբերել է, գնորդը ծննդատանը ճանաչել է երեխայի հայրությունը` տալով իր ազգանունը ու տարել երեխային, սակայն գումարը չի տվել:




























