Ռուսաստանն ու Արեւմուտքը պետք է հրաժարվեն փոխադարձ մեղադրանքներից ու պատժամիջոցներից, գրում է Lenta-ն՝ մեջբերելով ԽՍՀՄ-ի նախկին նախագահ  Միխայիլ Գորբաչովին:

 «Ռուսաստանը նման քայլ արդեն արել է՝ արեւմտյան պատժամիջոցների վերջին փուլից հետո հրաժարվելով պատասխան քայլերից: Հերթը գործընկերներին է: Կարծում եմ՝ նրանք ամենից առաջ պետք է հրաժարվեն այսպես կոչված անձնական պատժամիջոցներից», - նշել է Գորբաչովը:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ նա կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցելու գաղափարից: «Ես դեմ եմ ցանկացած պատի: Նման շինարարությունը ծրագրող մարտիկ պետք է մտափոխվեն», - պարբերականը մեջբերում է Գորբաչովին:

Նախկին նախագահը կողմերին կոչ է արել երկխոսություն սկսել, ինչպես նաեւ պատշաճորեն հետեւել Մինսկի պայմանավորվածություններին: «Պետք է խոսել մեկը մյուսի հետ: Սա անտեղի մոռացված աքսիոմա է: Համոզված եմ, որ երկխոսությունը վերսկսվելուն պես շփման կետեր կծագեն», - նշել է քաղաքական գործիչը: «Հրադադարը մշտապես խախտվում է: Սակայն վերջին օրերին տպավորություն է ստեղծվում, որ գործընթացը սկսվել է», - հավելել է նախկին խորհրդային առաջնորդը: