Շարքային քաղաքացիների ամենատարածված թեմաներից մեկը աշխատավարձն է: Այն, որ վարձու աշխատողների ճնշող մեծամասնության աշխատավարձերը մեր երկրում բավականին ցածր են, բոլորը տեղյակ են: Նույնիսկ կա հայտնի անկեդոտ. «Գները եվրոպական են, աշխատավարձը՝ հայկական»: Եվ իրականում, եթե աշխատավարձի գումարը վերածենք, ենթադարենք, ԱՄն դոլարի, ամեն ինչ պարզ է դառնում:
Օրինակ, պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 180 հազար դրամ (մոտ 442 դոլար): Նկատենք, որ այդ գումարի մոտ մեկ քառորդը պահումներ են: Պարզ ասած՝ աշխատակիցը ստանում է իր անվանական աշխատավարձի մոտ 75%-ը:
Մյուս հարցը կապված է պաշտոնական տվյալների հետ, ինչին ցածր աշխատավարձով աշխատողները հրաժարվում են հավատալ: Իհարկե, կարելի է ցանկացած թիվ «նկարել» եւ ներկայացնել հանրությանը: Սակայն այստեղ տեղ ունի նաեւ մեկ այլ՝ հաշվարկների մեթոդաբանության հետ կապված հանգամանքը:
Աշխատավարձի միջին ցուցանիշը հաշվարկում է միջին թվաբանականի հիման վրա: Այսինքն, ընդհանուր կաթսայի մեջ ընկնում է ինչպես շարքային անձնակազմի ցածր աշխատավարձը, այնպես էլ ղեկավարների առասպելական աշխատավարձերը: Ուստի, առեւտրային ընկերություններում աշխատավարձերի հսկայական տարբերությունը փոխհատուցվում է միջին ցուցանիշով:
Այս վիճակագրական հնարքը առավել պատկերավոր հասկանալու համար հաշվարկենք մտացածին ընկերության միջին աշխատավարձը՝ աշխատավարձի հարաբերականորեն բարձր տարբվերակվածության պայմաններում: Եթե այդ ընկերության միջին ամսական աշխատավարձը հաշվարկենք վիճակագիրների մեթոդով, ապա այն կկազմի 205 հազար դրամ:
Առավել ստույգ կլինի օգտագործել մեդիանան (ամենաբարձր եւ ամենացած վճարները «արհամարհող» միջին շարքերի ցուցանիշը): Մեդիանայի դեպքում միջին աշխատավարձը կնվազմի մինչեւ 125 հազար դրամ, ինչը մոտ 40%-ով ցածր է վերոնշյալ 205 հազար դրամից: Ուստի վիճակագրական տվյալների դիտարկման ժամանակ պետք է հաշվի առնել նաեւ այդ ոչ պակաս կարեւոր տարբերությունը: Ասվածին հավելենք, որ մեր օրինակում ամենաբարձր եւ ամենացածր աշխատավարձի հարաբերակցությունը 20 անգամից ցածր է: Իրականում, այն կարող է ավելի շատ լինել:
Զբաղվածության ոլորտների կտրվածքով մեր երկրում ամենաբարձր ցուցանիշներն ունի «ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը»՝ ընթացիկ տարվա հուլիսին 408 հազար դրամ: Երկրորդ տեղում «լեռնաարդյունահանող արդյունաբերություն եւ քարերի մշակում» ոլորտն է՝ 359 հազար դրամ ցուցանիշով:
Ամենացածր աշխատավարձը՝ 110 հազար դրամ՝ բաժին է ընկնում «բնակության կազմակերպման եւ հասարակական սննդի» ծառայություններին եւ «մշակույթին, զվարճանքներին ու հանգստին»: Չի բացառվում, որ այստեղ, ինչպես եւ գործունեության բոլոր այլ ոլորտներում տարածված է «մոխրագույն» աշխատավարձը:
Մասնավոր հատվածում միջին ամսական աշխատավարձը պետական հատվածից բարձր է մոտ 26%-ով: Սակայն, կան գործունեության մի քանի ոլորտներ, որտեղ առկա է ուղիղ հակառակ հարաբերակցությունը: Այստեղ հատուկ առանձնացվում է «ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը»: Պարզվում է, որ «ֆինանսիստների» միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում գերազանցում է 727 հազար դրամը, ինչը մոտ 1,9 անգամ գերազանցում է մասնավոր հատվածի ցուցանիշը:
Ըստ վարչական տարածքների առանձնանում է Սյունիքի մարզը, որտեղ աշխատավարձը կազմում ամսական մոտ 213 հազար դրամ (ինչը 18%-ով գերազանցում է երկրի միջին մակարդակը): Սյունիքի մարզին հետեւում է մայրաքաղաքը ՝180 հազար դրամ ցուցանիշով (միջինից բարձր է մոտ 9%-ով): Հետնապահներն են Արագածոտնի մարզը՝ միջին ամսական աշխատավարձը՝ 125 հազար դրամ է (երկրի միջին ցուցանիշի 69%) եւ Շիրակի մարզը՝ 127 հազար դրամ (70%):
Եզրափակելով նշենք մեր աշխատաշուկայի՝ պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցման հետեւանքով օրինաչափ դարձած որոշ նրբություններ: Շատ հաճախ գործատուները բավականին բարձր պահանջներ են ներկայացնում աշխատակիցներին՝ ընդ որում, բավականին ցածր աշխատավարձով: Ահա, օրինակ, թափուր աշխատատեղի վերաբերյալ մեկ հայտարարություն: Ապագա աշխատակցին տասնյակից ավելի լուրջ պահանջներ են առաջադրվում՝ սկսած բարձրագույն կրթությունից, «օտար լեզվի գերազանց իմացությունից», հակամարգչի հետ աշխատելու ունակությունից, մինչեւ «մինչեւ վերլուծական միտք եւ աշխատասիրություն»: Այս բոլոր պահանջների համար մասնագետին առաջարկում են ամսական 92 հազար դրամ աշխատավարձ:
Բավականին տխուր է վիճակը հատուկ վերապատրաստում չպահանջվող աշխատակիցների վճարման ոլորտում: Մայրաքաղաքային «տոնավաճառներում» վարձու վաճառողները իրենց «գործատուից» սովորաբար օրական (այսինքն արեւածագից մինչեւ արեւամուտ) 2-2,5 հազար դրամ են ստանում: Ամսական 22 աշխօրերի դեպքում այն կազմում է 44-55 հազար դրամ: Իսկ առանց հանգստյան օրերի աշխատելու դեպքում աշխատավարձը բարձրանում մինչեւ 60-75 հազար դրամ:





























