Ոսկետափցի սեղանակիցների միջեւ վիճաբանությունը ծագել է հեռախոսի կորելուց: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ ոսկետափցիները միասին կերուխումի են մասնակցել, բայց սեղանի շուրջ վիճաբանություն է սկսվել: Կողմերից մեկի հեռախոսը կորել է, նա, դիմելով մյուսին, ասել է, թե «ուր է հեռախոսս, տուր ինձ»: Վերջինս վստահեցրել է, թե ինքը հեռախոս չի վերցրել: Սակայն  լինելով գինովցած, ոսկետափցին չի հավատացել նրան, ծեծել է սեղանակից ընկերոջը, ինչը հանգեցրել է մահվան: Պարզվել է, որ հեռախոսը ընկած է եղել սեղանի տակ:

Հիշեցնենք, որ, հոկտեմբերի 14-ին Այգավան գյուղում 38-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դիակի վրա՝ դեմքի շրջանում եղել են բռնության հետքեր: Պարզվել է, որ նա Ոսկետափ գյուղի բնակիչ է: Դիակը հայտնաբերելուց ժամեր անց սպանության կասկածանքով բերման է ենթարկվել Ոսկետափ գյուղի 47-ամյա բնակիչը:

Ըստ նախնական տեղեկությունների, սպանվածը եւ ձերբակալվածը միասին խմել են եւ հենց սեղանի շուրջ վիճաբանել են ինչ-որ հարցի շուրջ, որից հետո դին հայտնաբերվել է Այգավան գյուղում: