Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերին չարժե վերաբերվել այնպես, ասես թե բանակցություններում առաջխաղացման ինչ-որ հնարավորություն կա, դա չկա:

Այս մասին հոկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ձեռնամուխ լինել խաղաղության Մեծ համաձայնագրի աշխատանքներին:

Ինչ վերաբերում է շփման գծին վերջին լարվածությանը, քաղաքագետն ընդգծել է, որ սովորաբար սահմանային միջադեպերը կապված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից:

«Այսկերպ է իրագործվում Ադրբեջանի ռազմավարությունը. Սահմանին սրացում է լինում, սովորաբար հարված են ստանում, ինչից հետո որեւէ հայտարարություն է արվում, հետո հաշտեցնող բնույթի հայտարարություն, ինչից հետո բավական կոշտ հայտարարություն է արվում արդեն նախագահի, ոչ թե նախարարի կողմից: Սա ճոճանակ է, որ մի կողմից մյուսն է ճոճվում, եւ դրան որպես լուրջ հեռանկարի վերաբերվել չարժի»,- նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը: