Առինջում հնչած կրակոցների գործն առայժմ չի բացահայտվել, ամուսինների վրա հարձակվողները դեռ հայտնի չեն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ ամուսինների վրա հարձակվել են գումար հափշտակելու համար: Պայուսակում, որը կինը շպրտել է եւ հանցագործները տարել են, գումար չի եղել: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կինը չի կարողանում հիշել իրենց վրա հարձակված անձանց, դրանով էլ պայմանավորված է գործի բացահայատման բարդությունը: Բանն այն է, որ նա շոկի մեջ է, ամուսնուն սպանել են իր աչքի առաջ: Կինը աշխատում է փոխանակման կետում, ամուսինը՝ «Ինեկոբանկում»՝ որպես գանձապահ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լեւոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ եւ 5,45 մմ տրամաչափի 11 պարկուճ:

Հայտնաբերված գնդակը եւ պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: