NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Asbarez»-ի անգլերեն տարբերակի խմբագիր Արա Խաչատուրյանի՝ այդ պարբերականում հրապարակված հոդվածը:

Երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հաղորդեց, որ Սպիտակ տունը նոյեմբերին կցուցադրի հայ որբերի գործած գորգը, նախագահ Օբամայի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան «Asbarez» թերթին էլեկտրոնային փոստի միջոցով հայտարարեց, որ «նախագահն ու աշխատակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս ճանաչել են ինչպես պատմական փաստը եւ ցավակցել, որ 1.5 մլն հայեր սպանվել կամ մահվան երթի են ուղարկվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին, ինչպես նաեւ հայտարարել են, որ փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդարացի ճանաչումը բոլորի շահերից է բխում, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Ամերիկայի»:

«Սկզբունքներից մեկը, որով աշխատակազմը ղեկավարվել է այդ ոլորտում, կայանում է նրանում, որ ազգերն ուժեղ են դառնում՝ ընդունելով եւ վճարելով իրենց անցյալի հիվանդագին տարրերի համար, եւ հարկավոր է այդ անել՝ ավելի արդարացի եւ ավելի հանդուրժողական ապագայի համար հիմք ստեղծելու նպատակով»,- հավելում էր պաշտոնյան:

Սպիտակ տան կողմից այդ պարզաբանումն արվեց առաջին հայտարարությունից հետո, որում ընդամենն ասվում էր, որ գորգը «Հայաստանի եւ ԱՄՆ-ի ժողովուրդների միջեւ սերտ հարաբերությունների մասին հիշեցում է», եւ որ գորգը ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին են նվիրել՝ «ի նշան երախտիքի փոխադրված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից տրամադրված մարդասիրական օգնության համար», բայց չէր նշվում, թե ինչպես են հայտնվել այդ որբերը, իսկ 1915-1923թ.թ. իրադարձությունները կրկին չեն որակվել որպես ցեղասպանություն:

Հարց է առաջանում. Ամերիկան իր ներդրումը կունենա՞ այդ փաստի արդարացի ճանաչման գործում եւ «արդյո՞ք ավելի արդարացի եւ ավելի հանդուրժողական ապագայի հիմք կստեղծի»: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Եթե դա այդպես լիներ, ապա ԱՄՆ-ն տարածաշրջանում իր քաղաքականությունը չէր հիմնի երկակի ստանդարտների վրա, որոնք Թուրքիային թույլ են տալիս շարունակել եւ խրախուսել նույնպիսի ավերումներ եւ սպանություններ նույն տարածաշրջանում, որտեղ 100 տարի առաջ հայերն են սպանվել: Այսօր քրդերը, եզդիներն ու տարածաշրջանի բնիկ այլ ժողովուրդներն «Իսլամական պետության» թիրախն են դառնում, որին, բոլորի, այդ թվում՝ ամերիկյան դիվանագետների տեղեկացմամբ, ներկայում օգնում եւ աջակցում է Թուրքիան:

Հայ համայնքը միամիտ չէ, որպեսզի կարծի, թե հայ որբերի գործած գորգի եռօրյա ցուցադրությամբ նախագահ Օբաման պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց եթե Սպիտակ տունը հավատում է սեփական հայտարարություններին, ապա ԱՄՆ-ն պետք է գործի հիմա եւ, հետեւելով սեփական խոսքերին, ընդունի անցյալը՝ Հայոց ցեղասպանությունը, որպեսզի կանխի մեկ այլ ցեղասպանություն, որն այսօր իրականացվում է ԻԼԻՊ-ի կողմից եւ Թուրքիայի աջակցությամբ: