Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկելու ժամանակ դեռեւս կա: Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նիստի ժամանակ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ըստ Աշոտյանի, առաջին փուլի արդյունքները, փաստորեն, ամփոփվել են, հայեցակարգ է ներկայացվել: «Մենք երկրորդ փուլին ենք անցնում, քանի որ Հայաստանի նախագահի համապատասխան հրամանագիրը քննարկումներն ավարտելու ժամկետներ չի սահմանում: Մենք ժամանակ ունենք հայեցակարգը քաղաքական եւ հասարակական լայն շրջանակներում քննարկելու համար»,- հայտարարեց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 15-ին, սահմանադրական բարեփոխումների հարցով փորձագիտական հանձնաժողովը Հայաստանի նախագահին էր ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:




























