Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի մասով քրեական գործի քննությունը առանձնացվել է: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:
Մյուս երկու մեղադրյալների՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, այն կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Սուրեն Գաբրիելյանի մասով գործը առանձնացվել է, քանի որ նա գտնվում է փախուստի մեջ: Փաստաբանը, ծանոթանալով այս քրեական գործի նյութերին, դիմել է Դատախազություն՝ այն կարճելու պահանջով, քանի որ գործը հարուցվել է Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով:
Ի դեպ, Հակոբ Ճարոյանը հանգստյան օրերին մեկնելու է Վրաստան, որպեսզի Սուրեն Գաբրիելյանի վրացի պաշտպանին հանձնի նրա հետ կապված բոլոր փաստաթղթերը՝ թարգմանություններով: Իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է, գտնվում է հիվանդանոցում:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը՝ կալանք: Արտաքին նշաններն են. հասակը՝ 165 -170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Փաստաբանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել, որ նրա փախուստի մեջ մեղավոր են նրանք, ովքեր մերժել են իր միջնորդությունները եւ կալանավորին ազատ չեն արձակել՝ հիմք ընդունելով նրա մոտ առկա պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները: Մասնավորապես, պաշտոնյանների կողմից անտեսվել են օրենքի պահանջները եւ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում կալանավորին դրդել են փախուստի, մինչդեռ եթե օրենքի պահանջները կատարեին, նա չէր դիմի փախուստը:




























