Հայաստանի ԱԺ պետաիրավական հարցեի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը, որն առնչվում է նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցման խնդրի հետ:
Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությունը ինչ-որ չափով փոխհատուցման մեխանիզմներ ունի, բայց դրանք տարածվում են միայն այն դեպքերի վրա, որոնք բացահայտվել են, մարդիկ մեղադրվել ու դատապարտվել են: «Իսկ ինչպիսի՞ վիճակում են այն տուժողները, որոնց գործերով հանցագործությունները չեն բացահայտվել, մեղադրյալներ չկան, հայտնի չեն, կամ հանցագործը հայտնի է, բայց մեր իրավապահ մարմինների համար հասանելի չէ: Բայց այդ տուժողը պետք է փոխհատուցում ստանա, թե ո՞չ»,- ասել է Ջհանգիրյանը՝ հավելելով, որ դա կարող է լուրջ բեռ լինել բյուջեի վրա, սակայն ինքը չի հաշվարկել, թե որքան:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է արտահայտվել նախագծին՝ նկատելով, որ մարտի 1-ին վնասված մեքենաների, այրված խանութների տերերը փոխհատուցում ստացել են, բայց զոհերի հարազատները՝ ոչ:
Նախագծին կառավարությունը բացասական գնահատական է տվել: Կողմ են արտահայտվել «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը եւ ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը:
Ի վերջո, նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ մեկ տարով կասեցնում է նախագիծը, քանի որ գիտի, որ այն չի անցնելու:



























