ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվա նիստում գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ որպես իրավաբանական անձանց միություն։
Բյուրոն իրականացնելու է պարտադիր ավտոապահովագրության նորմատիվ դաշտի կարգավորումը՝ ապահովագրական ընկերությունների համար մշակելով պարտադիր վարքագծի կանոններ։ Սակայն օրենքում հստակ նշված է նաեւ, որ Բյուրոյի հիմնական խնդիրներից մեկը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է։
Կենտրոնական բանկից բացի՝ Բյուրոյին կարող են անդամակցել այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա եւ ՀՀ յուրաքանչյուր մարզում մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ։
Բյուրոյի կառավարման մարմիններն են՝ անդամների Ընդհանուր ժողովը, Խորհուրդը եւ Գործադիր տնօրենը։ Թերեւս առավել կարեւորվում է Խորհուրդը, քանի որ այն է իրականացնելու է Բյուրոյի ընդհանուր կառավարումը։ Խորհրդի կազմի ընտրությունը Հայաստանում բուռն քննարկումների ու բանավեճերի պատճառ դարձավ։ Միջազգային պրակտիկայում խորհուրդը հիմնականում բաղկացած է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներից, սակայն Հայաստանում ընդունված օրենքի վերջնական տարբերակում ապահովագրական ընկերությունները փոքրամասնություն են, փոխարենը մեծ տեղ է տրված հասարակական կազմակերպություններին։ Այսպես՝ խորհրդի 7 անդամներից մեկը ներկայացնելու է վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպություն, մեկը՝ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպություն։ Մեկ տեղ տրված է ճանապարհային ոստիկանությանը, եւս մեկ անդամ նշանակվելու է ԿԲ խորհրդի կողմից։ Մյուս 3 անդամներին նշանակելու է Բյուրոյի ընդհանուր ժողովը, որոնք էլ հավանաբար կլինեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ։




























