Հայաստանի Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Երեւանում կատարված սպանությունից:

2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 18:25-ին, շտապօգնության 7-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության 71-րդ բրիգադը կանչով մեկնել է Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 13-րդ շենքի 9-րդ բնակարան, որտեղ պարզվել է, որ նշված տանը սպանվել է Մելանյա Տիգրանի Պողոսյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ.Պողոսյանի եւ Ա.Մնացականյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից:

Առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 27-ին ձերբակալվել է Ազատ Մնացականյանը: 
Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայտնի է դարձել, որ ընտանքիը միշտ էլ անհաշտ է ապրել, ամուսինները մշտապես վիճաբանել են: Այս անգամ վիճաբանությունը խանդի պատճառով է եղել: Ամուսինը կնոջը դանակով հարվածներ հասցնելուց հետո, զանգահարել է որդուն եւ հայտնել, որ «մորը խփել» է ու տնից հեռացել: Իրավապահներին հաջողվել է նրան կես ժամ անց հայտնաբերել եւ ձերբակալել ամուսնուն: