Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի մահվան դեպքով քրեական գործ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով: Ըստ այդմ՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`բացակայում է հանցագործության դեպքը.
Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը օգոստոսի 21-ին հիվանդանոց էր տեղափոխվել հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով: Իսկ սեպտեմբերի 21-ին ժամը 09:05-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար:




























