«Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) թեեւ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հետեւում է քաղաքական գործընթացներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Հայրապետյանը:
Նախկին ՕԵԿ-ականը չի կարող գնահատել եռյակի գործունեությունը, որովհետեւ ոչինչ չի հասկանում: «Ես բոլորին էլ լավ եմ վերաբերում, պետք է պայքար լինի, որ ճշմարտությունը հաղթի, ուղղակի իրենց գործունեությունը չեմ հասկանում, տենց ընդդիմություն չի լինում էլի: Ես մինչեւ էդ գիտեի, թե օլիգարխ ընդդիմադիր չկա, բայց փաստորեն լինում է: Երեւի դա նոր ձեւի ընդդիմություն է՝ այլընտրանքային, ինչպես իրենք են ասում, երեւի ժամանակի ընթացքում դեֆորմացվում, փոփոխվում է ամեն ինչ»,-ասաց գործարարը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելուն՝ նա նշեց, որ մենք ունենք նախագահ եւ նոր նախագահի մասին 4 տարի առաջ խոսելը կոռեկտ չէ: Եռյակի միջոցով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու հնարավորությունը Արայիկ Հայրապետյանը չկարողացավ գնահատել, քանի որ նա չգիտի վերջինիս մտադրությունների մասին ու կարծում է, որ նրան դա պետք էլ չէ:
Նախկին ՕԵԿ-ականը եկել է այն եզրահանգման, որ մենք իրականում կատարում ենք ճիշտ ընտրություն, եթե մենք ընտրում ենք նախագահ, ուրեմն մենք ցանկանում ենք դա, ուղղակի չենք գիտակցում:
Նշենք, որ նա բիզնեսներ ունի Հայաստանում եւ Գերմանիայում: Մասնավորապես, Գերմանիայում դպրոց է բացել 10-15 տարեկան երեխաների համար, որտեղ նաեւ հայեր են սովորում: Ինչ վերաբերում է հայասատնայն բիզնեսներին, ապա գործարարը մեկ բառով ասաց՝ «ոնց որ բոլորի մոտ, թույլ»:




























