Ուժային կառույցների միջեւ պետք է լինի մրցակցություն, բայց դա պետք է տեղափոխվի մեկ այլ դաշտ՝ հանցագործների ժամանակին բացահայտում, հատկապես, երբ մեզանում վիճակը վատ է ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նա շեշտեց, որ քննչական կոմիտեի եւ դատախազության ջանքերը պետք է ուղղված լինեն հանցագործությունների բացահայտմանը, ոչ թե հաշիվների մաքրմանը: «Այդ ամենի փոխարեն ընդամենը պարզ հաշիվների մաքրում է կատարվում իրար միջեւ, դա միայն մի բանի մասին է խոսում, էդպես կարող է լինել միայն մեկ պարագայում, երբ երկրում խորը տնտեսական, քաղաքական ճգնաժամ է»,-ասաց նա:

ԱԱԾ պետի նախկին տեղակալն ասաց, որ այդ երկու կառույցները գտնվում են նախագահի անմիջական հսկողության ներքո, եւ երբ նրանք անզիջում պայքար են մղում, դա նշանակում է, որ նախագահը չի տիրապետւմ իրադրությանը, հակառակ դեպքում ոչ դատախազությունը, ոչ քննչական ծառայությունը չէին համարձակվի  մեկմեկու հանդեպ թշնամանքով լցվել:  «Նման գզվռտոցներ, անհամաձայնություններ լինում են այն պարագայում, երբ վերեւի օղակը շատ թույլ է լինում, հակառակ դեպքում ոչ ոք չէր համարձակվել նման բան անել, եթե նա ցանկություն չունենա, այդ երկու ուժայինները մեկմեկու հետ հաշվիներ չեն մաքրի: Հիվանդությունը համակարգային է, համակարգն է հիվանդ, նման բան չի լինում առողջ համակարգում»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ ամեն ինչ սկսվում է նրանից, երբ նորանշակ պետը սկսում է կադրային ջարդ անել, իսկ բռնապետությունում մարդուն գործից չեն ազատում, պարզապես ասում են՝ դիմում գրի, ինչպես իր որդիներին են ասել, այլապես կարող է իր դարակից հանկարծակի թմրանյութ հայտնաբերեն: «Հիվանդության պատճառով մեկը մեկից հետեւից աշխատանքից դուրս եկան, հետո Աղվան Հովսեփյանը գնաց քննչական կոմիտե, հիվանդները առողջացան, սկսեցին դիմում գրել ընդունվելու համար, սա Կոստանյանին դուր չեկավ, սկսվեց գործերի հարուցումը, սա ընդամենը տղայական հաշիվների լուծում է, իմ իրավունքները  օգտագործում եմ քո մարդկանց վատություն անելու համար,  այլապես մեր երկրում  միշտ պետք է քրեական գործեր հարուցվեին, ոչ թե գզվռոտցի արդյունքում»,-ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալը: Իսկ թե ով կհաղթի արդյունքում, նա նշեց՝ ընդդիմությունը, ապա հավելեց՝ չարի վերջը գալու է:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը թեւակոխում է գործողությունների նոր փուլ: