Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Դաշտոյանը, ում անունը նույնպես շոշափվում էր սեքս սկանդալում, աշխատանքից ազատվել է, քանի որ իր համար շատ ծանր էր նման պայմաններում աշխատել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Ռուզաննա Հայրապետյանն էլ երեք շաբաթ հիվանդանոցում էր, պատկերացրեք, թե ինչպիսի հարված է նման երիտասարդ աղջիկների համար: Իմը ոչինչ, ես մեծ եմ, սովոր եմ նման հարվածներին, բայց նման երիտասարդ աղջիկներին համար ահավոր բան է սա: Մեկ ժամ շուտ պետք է պարզաբանել, հասկանալ կատարվածը, որպեսզի այլեւս նման բան չկրկնի»,- ասաց ռեկտորը:

Թեւե Հովհաննես Թոքմաջյանը չի ցանկանում փակագծերը բացել եւ խոսել հարուցված քրեական գործի մասին, այնուամենայնիվ, հիշեցնում է, որ ոչ մի տղամարդ գրավոր հայհոյանք չի գրում:

«Դիմում եմ այստեղ ներկա տղամարդկանց` երբեւէ որեւէ մեկդ հայհոյանք գրա՞ծ կաք: Չկա ըտենց բան, ինչքան անտրամաբանական է, ինչքան ճղճիմ է»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում էին հայտնվել ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի  ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով: