Գյուղնախարարության ԾԻԳ-ը դերասան Վարդան Պետրոսյանից փոխհատուցում ստանալու խնդրանքով հայցը փոփոխել է. նախարարությունը վթարված «Նիվա» մեքենայի համար արդեն պահանջում է 1 միլիոն 200 հազար դրամ՝ նախկին 2 մլն 262 հազար դրամի փոխարեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը։

«Մենք այժմ պահանջում ենք՝ հօգուտ գյուղնախարարության գանձել 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ 1 միլիոն 800 հարյուր հազարը ստանալու պահանջը կներկայացնենք ապահովագրական ընկերությանը»,- դատարանին հայտնեց Հայկազ Կարապետյանը։

Դատավոր Վաղինակ Մկրչտյանը նկատեց, որ այդ երկու թվերի գումարը կգերազանցի իրենց պահանջած 2 մլն 262.000 դրամը։ Գյուղնախարարության ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը պատասխանեց, որ իրենք վստահ չեն, որ ապահովագրական ընկերությունը կտա իրենց պահանջած գումարը, քանի որ հնարավոր է՝ այդ գումարից դուրս գա մեքենայի մնացորդային արժեքը։

Վարդան Պետրոսյանի փասատբաններն ասացին, որ այդ հայցը իրենք չեն կարեւորում եւ դրան կանդրադառնան հետագայում։ Հակոբյանների պաշտապան Ռուբեն Բալոյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ հայցը «շատ խառն է ներկայացված»։

Հայցի քննարկումը հետաձգվեց։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր Վարդան Պետրոսյանի կողմնակիցները  դատարան էին եկել Free Vardan Petrosyan գրությամբ թղթերով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ: