Գործարար Արայիկ Հայրապետյանի համար ավելի նախընտրելի է, որ իրեն դիմեն «Լավանդայի Արայիկ» մականվամբ, քան որպես նախկին ՕԵԿ անդամ: Այս մասին NEWS.am-ում օրեր առաջ հրապարակված հարցազրույցից հետո հայտնել է մեր խմբագրություն դիմած գործարարը՝ խնդրելով իրեն այսուհետ այդպես ներկայացնել:

Նա նշեց, որ նախկին ՕԵԿ-ական լինելը ոչ կոչում է, ոչ պաշտոն, ոչ էլ ինքը ամաչում է իր երբեմնի կուսակցական պատկանելիության համար, քանի որ ՕԵԿ մտել էր ժողովրդին պիտանի լինելու համար, այնուհետեւ ինչ-ինչ հանգամանքներում մի տարի անց հեռացել է:

«Ավելի նախընտրելի է «Լավանդայի Արայիկը», քան նախկին ՕԵԿ-ականը, դա իմ ստեղծած ֆիրման է, որտեղ աշխատում եմ, ես ինքս էլ ընդունել եմ ինձ այդպիսին, չեմ ամաչում այդ անվան համար, ինքս էլ, երբ ինչ-որ տեղ եմ զանգում, մինչեւ ասեմ Արայիկ Հայրապետյանն է, ասում եմ՝ Լավանդայի Արայիկն է, քիչ է մնում ազգանունս էլ փոխեմ, դարձնեմ Լավանդա, դա մականուն չէ, կոչում է»,-ասաց գործարարը: