Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ժամանակին իր կնոջ՝ Լարիսա Միքայելյանի հետ պայմանագիր է կնքել, որն այժմ ցանկանում են անվավեր ճանաչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նապոլեոն Ազիզյանը: Եւ պայմանագիրը անվավեր ճանաչելու միակ եղանակը դատարան դիմելն է:
Սակայն, նախկին պատգամավորը շեշտեց, որ սա դեռ չի նշանակում, որ ինքը իր կնոջը դատի է տվել: «Դա դատ չէ, ոչ մի բան չի եղել, որեւէ գործընթաց չկա, ես իմ կնոջը ո՞նց կարամ դատի տամ, ընդամենը մենք մի հատ պայմանագիր ենք արել իրար հետ, հիմա միասին ուզում ենք այդ պայմանագիրը հեչ անել»,-ասաց Նապոլեոն Ազիզյանը՝ չցանկանալով բացահայտել պայմանագրի խնդրո առարկան:
NEWS.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ այս գործով վերջին նիստը կայացել է հոկտեմբերի 31-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Նախկին պատգամավորը ցանկանում է առոչինչ ճանաչել գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պայմանագիրը:




























