Քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին կալանավորելու որոշումը փաստաբանը կբողոքարկի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ վաղը հանդիպելու է իր պաշտպանյալի՝ Անդրանիկ Սողոյանի հետ եւ հենց վաղն էլ բողոքը կներկայացնի Վերաքննիչ դատարան: Վահագն Մարտիրոսյանից նաեւ տեղեկացանք, որ Անդրանիկ Սողոյանը Չեխիայում եւս պաշտպան ունի, ով բողոքարկել է Չեխիայի հանրապետության մունիցիպալ դատարանի դատավճիռը: Վահագն Մարտիրոսյանը շեշտեց, որ շատ բան չի կարող հայտնել, քանի որ իր պաշտպանյալի կողմից կան հստակ ցուցումներ՝ ԶԼՄ-ներին հարցազրույցներ չտալու:
Իսկ ՔԿՎ Հանրային կապերի բաժնից NEWS.am-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Սողոյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, առողջականի վերաբերյալ որեւէ գանգատ չի ներկայացրել:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ի երեկոյան Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը եւ 30 օրով կալանավորել Անդրանիկ Սողոյանին:
Հիշեցնենք, որ 46-ամյա Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի /սպանութուն/, 235-րդ հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցից հայտնաբերել եւ բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին:




























