«Ժողովրդական կուսակցության» ղեկյավար Տիգրան Կարապետյանը համոզված է, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հանրահավաքներ է անցկացնում, քանի որ վախենում է Շանթ Հարությունյանի նման «խելառ, բայց արդար» մարդկանցից: Այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում Տիգրան Կարապետյանն ընդգծեց, որ այդ «խելառ ու արդար» մարդկանցից մեկն էլ ինքն է:

«Վախենում են, որ տեղն ազատ կմնա եւ Շանթի նման մի խելառ, բայց արդար մարդ կգա եւ ժողովուրդը կգնա նրանց հետեւից: Եռյակը վախենում է նոր ուժից: Իշխանության գնալուն նույնիսկ նրանք կողմ չեն»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով` եռյակում պետք է առանձնացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը «այս տխուր երկրում, որտեղ բոլորը մտածում են սեփական հարստացման մասին միայն, գոնե կիսվողներ կան, Ծառուկյանն էլ ընդունակ է դա անել եւ կիսվում է ժողովրդի հետ»: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը չի պատրաստվում միանալ խորհրդարանական ոչ իշխանական եռյակին: