Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ:
Մենք բարձր ենք գնահատում Հայ Առաքելական Եկեղեցու եւ անձամբ Ձեր ավանդը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում:
Ձեր գործունեությունն այս 15 տարիների ընթացքում նպատակաուղղված է եղել ավանդական քրիստոնեական արժեքների սերմանմանը եւ քրիստոնեական ընկալումների ամրապնդմանը մեր ժողովրդի առօրյա կյանքում: Դուք դա կատարել եւ շարունակում եք կատարել անմնացորդ նվիրումով եւ Ձեզ բնորոշ հատուկ նախանձախնդրությամբ:
Կրկին շնորհավորելով Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, արեւշատություն եւ Ձեր բոլոր նվիրական իղձերի իրականացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի եւ ի շահ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու»:





























