Հոկտեմբերի 23-ին Կիեւյան կամրջից նետվելով ինքնասպանության փորձ կատարած՝ Այնթափի բնակիչ Սամվել Թովմասյանին եւ նրա երկու ընկերներին՝ Նարեկ Խարսափետյանին եւ Գոռ Թովմասյանին կով գողանալու մեղադրանք առաջադրելը իրավական հիմքեր չունի, քանի որ նրանց արարքում հանցակազմ չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրվողների փաստաբան Գայանե Գալոյանը:

«Կովին անմիջապես կես ժամվա ընթացքում վերադարձրել են, ճիշտ է մինչեւ այդ կովի տերը դիմում է գրել, բայց վերադարձնելուց հետո դիմումը հետ է վերցրել: Իսկ թե ինչու են մեղադրանք առաջադրել եւ կալանավորել, ինձ էլ է շատ հետաքրքիր, էդ հարցը Էրեբունու քննչականի պետին տվեք: Ի սկզբանե նրանք կով գողանալու նպատակ չեն ունեցել, կովն ուշ ժամի գտնվել է բաց դաշտում, իրենք էլ տուն գնալուց են եղել, կովին տեսել են, մտածել են՝ իրենց գյուղի նախիրից է հետ մնացել, այսինքն որեւէ տրամադրվածություն եւ պայմանավորվածություն չի եղել»,-ասաց Գայանե Գալոյանը:

Գայանե Գալոյանը նշեց, որ կովին վերադարձնելուց հետո որեւէ վեճ կամ խնդիր չի առաջացել մեղադրվողների եւ կովի տիրոջ միջեւ, եւ անհասկանալի է՝ ինչու մեղադրանք առաջադրվեց:

«Բոլոր առերեսումների ժամանակ կովի տերը ասել է՝ ես բողոք չունեմ, հետո առանձին դիմում էլ է գրել, որ բողոք չունի»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ Սամվել Թովմասյանի առողջական վիճակը լավ չէ, որովհետեւ հոկտեմբերի 23-ին Կիեւյան կամրջի մոտ իրեն ինքնավնասելուց բացի,  թոքերի հետ խնդիր ունի, բժշկական հետազոտություններ է այժմ անցնում: Փաստաբանի խոսքով՝ Գոռ Թովմասյանն էլ լյարդի հետ կապված առողջական խնդիրներ ունի, նույնիսկ զինծառայություն չի անցել:

Նշենք, որ Սամվել Թովմասյանը, Գոռ Թովմասյանը եւ Նարեկ Խարսափետյանը մեղադրվում են ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասով՝ գողություն կատարելու մեջ: Սամվել Թովմասյանն ու Գոռ Թովմասյանն այժմ կալանավորված են, իսկ Նարեկ Խարսափետյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վերջինի կինը հղիության վերջին ամսում է, եւ ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սպառնում էր ամուսնուն չազատելու դեպքում հացադուլ հայտարարել։ Երեք ընկերներն աշխատում են մայրաքաղաքի աղբահանության ծառայությունում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին 40-ամյա Սամվել Թովմասյանը Երեւանի Կիեւյան կամրջից ցած նետվելու փորձ էր կատարել: ԱԻՆ փրկարար ջոկատին հաջողվել էր նրան հետ պահել:  «Շտապօգնության» մեքենայով նա տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ: Դեպքի վայրում էր եղել նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը խոստացել էր Սամվելի պահանջները կատարել: