Հայաստանում հայտնի ապրանքանիշերի խմորեղենի կեղծման դեպք է արձանագրվել:
Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, որում ասվում է.
«Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետեւողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ: Այդ միջոցառումների շրջանակում վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցների կողմից օրերս ուշագրավ դեպք է բացահայտվել. իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր Արամայիս Սիմոնյանն իր կողմից արտադրված խմորեղենն առեւտրի կետերում իրացնելիս կատարել է խոշոր կեղծիքներ եւ խախտումներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա խմորեղենի տեսականին խանութներին բաժանել է տեղական այլ արտադրողների անվան տակ, մասնավորապես «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ», «ՇԱՆԹ» եւ «ՍՈՒՓՐԱ» խմորեղենի համար նախատեսված տուփերով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է նաեւ, որ անհատ ձեռնարկատերը խանութներին չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրեր եւ ՀԴՄ կտրոններ, այդպիսով ոչ միայն կեղծելով արտադրանքն, այլեւ` փորձելով թաքցնել իրական շրջանառության ծավալները: Դեպքի առթիվ Արամայիս Սիմոնյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
ՕՀՎ Արտաշատի բաժինը հայտնաբերել է առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերված շուրջ 72մլն դրամի ապրանք
Դադարեցվել է փայտանյութի անօրինական առեւտրով զբաղվողների գործունեությունը
Գործարքների չփաստաթղթավորման դեմ պայքարի շրջանակում Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը վերջերս առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի` ապրանքների տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել Արարատի մարզում: Բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ անհատ ձեռնարկատեր Գեւորգ Մալխասյանը, զբաղվելով հիգիենայի պարագաների եւ լվացող միջոցների մանրածախ եւ մեծածախ առեւտրով, միաժամանակ Բյուրավան գյուղում գտնվող իրեն պատկանող պահեստներից «Գազել» եւ «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով իրականացրել է ապրանքների տեղափոխում` առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի: Հետագա ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ պահեստում առկա է առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերված շուրջ 20մլն դրամի ապրանք: Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նույն գյուղում հայտնաբերվել է Գեւորգ Մալխասյանին պատկանող մեկ այլ պահեստ եւս, որտեղ առկա շուրջ 52մլն դրամի ապրանքները նոււյնպես ձեռք էին բերվել առանց հիմնավորող փաստաթղթի: Նրա նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Իսկ ՕՀՎ Արտաշատի եւ արագ հակազդման բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել եւ արձանագրվել է նաեւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք: Պարզվել է, որ առանց համապատասխան պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառման, ֆիզիկական անձինք զբաղվել են փայտանյութի առեւտրով: Այս դեպքով էլ օրինախախտները տուգանվել են եւ պարտավորվել դադարեցնել գործունեությունը` մինչեւ համապատասխան գրանցում ստանալը»:





























