Երեւանի Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին սեպտեմբերի 30-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված անձ դեռ չկա:

NEWS.am-ին կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածք ստացած 21-ամյա Լեւոն Հարությունյանի հարազատները հայտնեցին, որ որեւէ փոփոխություն քրեական գործում չկա, նախաքննությունը շարունակվում է:

Մեր տեղեկություններով՝ 21-ամյա Լեւոնի վրա կրակել են արտասահմանյան համարանիշերով «Պրադո» ավտոմեքենայից: Ի դեպ, մեքենան եղել է վերջին մոդելի, որոնց թիվը Հայաստանում չի անցնում 15-20-ի սահմանը: Մեքենան նույնպես նախաքննական մարմինը դեռ որոնում է:

Նշենք, որ հնչած կրակոցների առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարալանջում երթեւեկության ընթացքում մի մեքենայից կրակոցներ են հնչել «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվող 21-ամյա Լեւոն Հարությունյանը ոտքին ստացել է վնասվածք: Նշենք, որ Լեւոնը «Շարլոտի» սեփականատիրոջ եղբոր որդին է, իսկ հայրն էլ օգոստոսի 26-ին մասնակցել էր նույն ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքին: Ըստ տարբեր տեղեկությունների՝ հենց այս պատճառով էլ սեպտեմբերի 30-ին Սարալանջում հնչել են կրակոցներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի գիշերը Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել ակումբի տերերի ու հաճախորդների միջև: Հաճախորդների մեջ են եղել Կենտրոնի հարկայինի պետը, նաեւ ԱԱԾ աշխատակից: Վերջիններս դեպքից օրեր անց աշխատանքից ազատվեցին: Ըստ լրատվամիջոցների՝ մասնակիցների մեջ է եղել նաեւ ֆինանսների նախարարի որդին: