Գործարքների չփաստաթղթավորման դեմ պայքարի շրջանակում Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը վերջերս առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի` ապրանքների տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել Արարատի մարզում:

Ֆիննախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ անհատ ձեռնարկատեր Գեւորգ Մալխասյանը, զբաղվելով հիգիենայի պարագաների եւ լվացող միջոցների մանրածախ եւ մեծածախ առեւտրով, միաժամանակ Բյուրավան գյուղում գտնվող իրեն պատկանող պահեստներից «Գազել» եւ «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով իրականացրել է ապրանքների տեղափոխում` առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի: Հետագա ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ պահեստում առկա է առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերված շուրջ 20մլն դրամի ապրանք: Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նույն գյուղում հայտնաբերվել է Գեւորգ Մալխասյանին պատկանող մեկ այլ պահեստ եւս, որտեղ առկա շուրջ 52մլն դրամի ապրանքները նոււյնպես ձեռք էին բերվել առանց հիմնավորող փաստաթղթի: Նրա նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Իսկ ՕՀՎ Արտաշատի եւ արագ հակազդման բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել եւ արձանագրվել է նաեւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք: Պարզվել է, որ առանց համապատասխան պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառման, ֆիզիկական անձինք զբաղվել են փայտանյութի առեւտրով: Այս դեպքով էլ օրինախախտները տուգանվել են եւ պարտավորվել դադարեցնել գործունեությունը` մինչեւ համապատասխան գրանցում ստանալը: