Արցախի քարտեզների շարքը համալրվել է եւս մեկով, ինչը նոր խոսք է այդ բնագավառում: Սա առաջին քարտեզն է, որը տեխնիկական գիտությունների թեկնածու, քարտեզի հեղինակ Ռուբեն Աթոյանի խոսքով համայնապատկերային է: Քարտեզագրման այս եղանակով հեղինակը զբաղվում է 1994 թվականից: Այս եղանակով նա քարտեզագրել է տասնյոթ երկրներ եւ խոշոր մայրաքաղաքներ: 2003 թվականին նրա հեղինակությամբ Վենեցիայի համայնապատկերային քարտեզը ճանաչվել է աշխարհի լավագույն քարտեզը, որի համար էլ Ռ. Աթոյանը արժանացել է քարտեզագրողների համար սահմանված Օսկարին:

«Արցախի համայնապատկերային քարտեզը իմ լավագույն գործերից է: Այս քարտեզի ստեղծման գործում համադրվել են ձեռագիր եւ համակարգչային քարտեզագրման մեթոդները: Քարտեզի վրա անսխալ ներկայացված է Արցախի ռելիեֆը»,-վստահեցնում է հեղինակը:

Քարտեզը տպագրվել է հովանավորի միջոցներով, ով գերադասում է մնալ ստվերում: Նրա մասին հայտնի է միայն այն, որ արմատներով հյուսիսային Արցախից է եւ հենց նրա առաջարկով է «Անիվ» հայագիտական կենտրոնը քարտեզագրել Արցախը նոր եղանակով:

Առայժմ տպագրվել է մի քանի օրինակ` փոքրացված չափերով:

«Օրիգինալ չափերը 1000 x 70 սմ է , որի վրա ավելի հստակ են երեւում տեղանքների ու բնակավայրերի անունները: Այս քարտեզն ավելի շատ նախատեսված է զբոսաշրջիկների համար: Մտադիր ենք տպագրել եւս 500 օրինակ, որի հակառակ երեսին կլինեն Արցախի երեսուն ամենակարեւոր հուշարձանների պատկերներն ու նկարագրությունները»-ասում է հեղինակը:

Քարտեզը մասնագիտական հավանության է արժանացել  ,,Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության եւ անշարժ գույքի գնահատման կենտրոն,,-ի կողմից: ՊՈԱԿ-ի տնօրեն Վիլեն Սաֆարյանը նշում է , որ քարտեզը գրախոսվել է կենտրոնի կողմից, դիտողութուներն ու առաջարկությունները նկատի է առնվել հեղինակի կողմից, թերությունները վերացվել են:

Այսօր , զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության շենքում տեղի ունեցավ քարտեզի շնորհանդեսը, որին ներկա էր ԱԳՆ նախարար Կ. Միրզոյանը, հյուրեր, ԶԼՄ ներկայացուցիչներ: