Փաստորեն Մանվել Գրիգորյանը ստրուկ է պահել, ինչն անթույլատրելի է թե մարդկային, թե իրավական տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյանի կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Զուտ մարդկային տեսակետից ես զարմանում եմ այդ քարանձավային մտածողության վրա Մանվել Գրիգորյանի, բա շրջապա՞տը, բա զինված ուժե՞րը, բա էն ժամանակվա իր ղեկավար Վազգեն Սարգսյանը, փաստորեն բոլորը եղել են նույն մտածողության, վայրենություն է»,-ասաց Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ միջազգային իրավունքներ տեսակետից եւս դա անթույլատրելի է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով, ՄԱԿ-ի քաղաքացիական իրավունքների դաշնագրով ստրկության արգելքը բացարձակ իրավունք է եւ ընդհանրապես որեւէ ձեւով չի դա արդարացվում, այսինքն՝ եթե նույնիսկ մարդը կամավոր որոշի ստրուկ դառնալ, երբեւէ դա արդարացում չէ եւ ստրկատերը պատժվում է ամենայն խստությամբ: «Սա է միջազգային օրենքը, որին միացել է նաեւ Հայաստանը: Ես զարմանում եմ այդ մարդկանց եւ նրանց շրջապատի վայրենի հոգեբանության վրա: Փաստորեն նա նույնիսկ գլուխ է գովում, թե ոնց է ստրուկ պահել»,-ասաց իրավապաշտպանը:
Կարող են Մանվել Գրիգորյանին պատասխանատվության ենթարկել, թե ոչ, Ավետիք Իշխանյանը դժվարանում է պատասխանել, քանի որ կա վաղեմության ժամկետի հարց, ինչը պետք է ուսումնասիրվի: Հնարավոր է պատգամավորի հայտարարությունը հիմք ընդունեն նրան պատասխանատվության ենթարկելու համար, Ավետիք Իշխանյանը տարակուսեց՝ «որտե՞ղ պետք է հիմք ընդունեն՝ Հայաստանում, որտեղ Մանվել Գրիգորյանը իշխանության հիմնական հենարաններից մեկն է, իսկ Սուրիկ Խաչատրյանի դեպքը օրինակ է ծառայել, որ յուրայիններին չեն դատում»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը պատմել է, որ 4 տարի Սիմոն անունով գերի է պահել իր տանը, հետո Կարմիր խաչի գրասենյակի միջոցով ուղարկել իր ընտանիքին: «Որովհետեւ մեր ուներ, քուր ուներ, նշանած ուներ, շատ էր ուզում գնալ իրենց տուն, ես էլ տվեցի գնաց: Պարապած եզ, հատուկ ջոկատներից էր, մինչեւ գերի են բռնել մեծ դժվարությամբ»,-պատմել է ԵԿՄ ղեկավարը՝ հավելելով, որ անունն էլ Սիմոնյան Սիմոն է դրել:





























