Հայաստանի տնտեսությունում գերիշխող ընկերությունների գոյությունը տնտեսապես արդարացված է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ այդպիսի ընկերությունները ՀՀ գործող օրենսդրությամբ, մենաշնորհներ չեն համարվում:

«Մեր օրենսդրության համաձայն մենաշնորհներ չկան, այլ կան ապրանքային շուկաներ, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ, որոնց առկայությունը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ խոշոր խմբաքանակներով ապրանք արտադրելու կամ ներմուծելու հնարավորությունը նվազեցնում է գինը: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության փոքր ծավալի պատճառով այդ ընկերութունների քանակը կարող է լինել սահմանափակ:

Արտակ Շաբոյանն անդրադարձավ նաեւ տրանսպորտային շրջափակման խնդրին՝ նշելով, որ տրանսպորտային ծախսերը ապրանքի ինքնարժեքում մեծ տեսակարար կշիռ ունեն: Իսկ նույն մասշտաբի էֆեկտի համաձայն, մեծ խմբաքանակներ ներմուծելու դեպքում, միավոր ապրանքի հաշվով ծախսերը կկրճատվեն:

«Հետեւապես այս պայմաններում խոշոր ընկերությունները օբյեկտիվորեն մրցակցային առավելություն են ստանում փոքրերի նկատմամբ: Իսկ Հանձնաժողովի խնդիրն է թույլ չտալ, որպեսզի խոշոր ընկերությունները չարաշեն իրենց դիրքը եւ խախտեն մրցակցային օրենսդրությունը», - հավելեց նա: