Քալիֆորնիայի Թուխունգա քաղաքի 18-ամյա հայ բնակչուհին, որն անհետ կորած էր համարվում անցած շաբաթվանից, հայտնաբերվել է եւ միացել ընտանիքին:

DailyNews-ի փոխանցմամբ, աղջիկն ա անձամբ է ներկայացել Փալմդեյլ քաղաքի ոստիկանական բաժին: Վերդուգո Հիլս ավագ դպրոցի ուսանողուհի Լենա Դոնաբեդյանն անհետ կորած էր համարվում հոկտեմբերի 27-ից: Վերջին անգամ նրան տեսել են բաց գույնի սեդան մեքենայում, երկու տղամարդկանց հետ ինչ-որ տեղ ուղեւորվելիս:

Նախօրեին նա անձամբ ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, թե ուղեւորվել է ընկերոջ տուն: Նա հայտնել է, թե փորձել է զանգահարել մորը, սակայն չի կարողացել: Լենա Դոնաբեդյանը նշել է, թե իր արարքում միտումնավոր ոչինչ չի եղել: Ուսանողուհու մայրը՝ Սոսի Դոնաբեդյանը նշել է, թե ուրախ է դստեր հետ վերամիավորվելու համար եւ շնորհակալություն է հայտնել Աստծուն:

Ոստիկանները հարցաքննել են Լենա Դոնաբեդյանին եւ վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել նրա անհետացման մեջ: