Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը 3 ժամ ընթերցեց ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի հեռախոսի ելքային զանգերի վերծանումները՝ հերթականությամբ թվարկելով զանգերի ժամը, տեւողությունը եւ զանգը սպասարկած ալեհավաքի անվանումը, ինչը վրդովեցրեց դատախազին եւ դատավորին:

Ելքային զանգերի ժամերի տեւողության հրապարակման ժամանակ դատավորը հարցրեց ամբաստանյալին. «Ո՞նց ես դու խոհարար աշխատել, իմ մոտ այնպիսի տպավորություն ա, որ դու միշտ հեռախոսով ես խոսել»:

Ամբաստանյալն ասաց, որ ինքը գիշերն է աշխատել:

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում բացատրեց, որ ինքը Դավիթ Թամրազյանի հեռախոսի ելքային զանգերի վերծանումները մանրամասն ընթերցել է, քանի որ դրանք կարող են ապացուցել իր պաշտպանյալի անմեղությունը:

«Նախ այս վերծանումներով կապացուցվի, որ նա Մարիամի տանը նա չի եղել: Հետո Դավիթ Թամրազյանին առաջադրված մեղադրանքի մեջ գրված է, որ սպանելու շարժառիթն այն է , որ Մարիամը Դավիթի մոր հասցեին վատ բաներ է ասել ապրիլի 25-ին: Ես դրա համար ընթերցում եմ ապրիլի 25-ից մինչեւ դեպքի օրը զանգերի վերաբերյալ տվյալները, վերծանումները ցույց կտան, որ Մարիամը վատ բան չի ասել Դավիթի մոր հասցեին: Եւ քանի որ Մարիամի հետ նույն տանը բնակվող աղջիկը նախաքննական մարմնին տված ցուցմունքում ասել է, որ Մարամը Դավիթի մորը վատ բառեր չի ասել, ապա այստեղ պարզ է դառնում, որ նա շարժառիթ չի ունեցել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Մարիամ Հունայանին սպանելու շարժառիթ կարող էին ունենալ Մարիամ Հունանյանի ընկերը՝ Միսակը, եւ Դավիթ Թամրազյանի ընկերուհին՝ Միլենան:

Փաստաբանը շարունակում է պնդել, որ Դավիթ Թամրազյանը որպես կասկածյալ ինքնախոստովանական ցուցմունք է տվել բռնության ճնշումների տակ: Փաստաբանի խոսքով՝ Դավիթին թելադրել են՝ ինչ ցուցմունք տալ, բայց որոշ սխալեր են թույլ տվել:

«Բառացի հետեւյալ ցուցմունքն ա տվել կասկածյալ եղած ժամանակ. ես նստեցի նրա վրա, այսինքն մահացածի, ասացի՝ իբրև անակնկալ ունեմ, աչքերդ փակի, աչքերը փակեց: Ձախ ձեռքը դրեցի բերանին, որ չբղավի, աջով գրպանից դանակը հանեցի, վիզը կտրեցի: Բայց մինչեւ կտրելը մահանալը բազմաթիվ դանակի եւ բռունցքի  հարվածներ կան մարմնի վրա: Բա դա՞ ով է արել, բա դրա համար ո՞վ պիտի պատասխան տա»,- ասաց փաստաբանը:

Դավիթ Թամրազյանի քույրն էլ NEWS.am-ի հետ զրույցում պնդեց, որ իր եղբայրը անմեղ է: Ըստ նրա՝ Դավիթի ընկերուհի Միլենան նրա դեմ ցուցմունք է տվել, քանի որ նրան կաշառել են:

«Միլենան ասել է ՝ Դավիթ, Մաշտոցի բաժնում երեք հազար դոլար են տալիս, որ քո դեմ ցուցմունք տամ»,- ասաց քույրը:

Նշենք, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վիրավորված լինելով իր հետ հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, 2013թ. մայիսի 7-ին գնացել է կնոջ բնակարան, ասել, թե իբր անակնկալ նվեր ունի նրան տալու, խնդրել է աչքերը փակել և իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքով աղջիկը տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է դեպքի վայր հանդիսացոող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նշենք, որ սպանվածը մատուցողուհի է աշխատել այն հյուրանոցում, որտեղ նախկինում աշխատել է ամբաստանյալը: