2-ամյա Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող՝ Երեւանի «Արաբկիր» ԲԿ-ի բժշկուհի Զարինե Այվազյանն իր հերթապահությունից առաջ նշանակված՝ փոքրիկի արյան անալիզների պատասխանները չի ստացել, քանի որ մայրապետը դրանք չի փոխանցել իրեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննության ժամանակ ասաց մեղադրյալը:
«Տեղյակ էի, որ արյան ընդհանուր քննություն էր նշանակված: Եթե պատրաստ լինեին անալիզների արդյունքները, պետք է անկետայի մեջ նշված լինեին: Հետեւել եմ, երբ տեսել եմ, որ անեկետայում պատասխանը չկա, զանգ եմ տվել մայրապետին, որ բերեն»,-ասաց Զարինե Այվազյանը՝ նշելով, որ փոքրիկի վիճակը բավարար է եղել, խիստ անհրաժեշտություն չի եղել անալիզների պատասխանները շտապ վերցնելու:
Մեղադրող Դավիթ Կարապետյանի դիտարկմանը, որ ըստ լաբորանտ Ֆլորա Մարգարյանի ցուցմունքի եւ լաբորատորիայի մատյանի զննության՝ բժշկուհի Զարինե Այվազյանի հերթապահության ժամանակ արդյունքներն արդեն պատրաստ են եղել, մեղադրյալն ասաց, որ չի բացառվում, որ պատրաստ են եղել, բայց իրեն չեն հասել:
«Իրենց մատյանում կարող է գրանցված լինի, բայց ինձ հասած թղթի մեջ չկար: Կարող է՝ մայրապետը կորցրած լիներ, պահարանի վրա դրված լիներ, շատ ֆակտորներ կան, որ կարող է՝ ինձ չհասներ: Մի քանի անալիզ եմ տեսել, բայց կոնկրետ Լիայինը չեմ տեսել՝ կա, թե ոչ: Ինձ լաբորատորիայից չեն զանգել, տեղեկացրել, որ արյան անալիզի պատասխաններ կան»,-ասաց Զարինե Այվազյանը:
Մեղադրյալը հերքեց հայցվոր կողմի այն պնդումը, թե ինքը հունվարի 1-ին հիվանդանոցում չի եղել: Նա նշեց, որ մեկ այլ բժշկի հետ այդ օրը 200-ից ավելի հիվանդի է սպասարկել, որոնց մեջ մտել են 107 ստացիոնար բուժվող, ամբուլատոր ընդունարանում բուժօգնություն ստացող հիվանդները:
Զարինե Այվազյանն ասաց, որ ինքը երկու անգամ այցելել է Լիա Միսակյանին. «Մոտեցել եմ երեխային, երբ պառկած էր: Լսել եմ սիրտը, թոքերը, գնահատել եմ շնչառությունը: Խռպոտ բաներ չկային: Միայն քթով դժվար էր շնչում: Իր մոտ սուր շնչառական վարակ էր։ Հիվանդությանը համապատասխան վիճակ էր մոտը: Ինձ հանձնելուց հետո էլ վիճակում դրական դինամիկա կար, ինչից ելնելով մտածեցիք, որ վիճակը լավ է»:
Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, մեղադրյալի ցուցմունքին վրդովմունքով արձագանքեց. «Էդ թոքը լսելու սարքի հեռակառավարմանն էլ կա՞: Ուզում եմ հասկանամ՝ դռան մոտից թոքերը ո՞նց եք լսել: Կարո՞ղ ա դիստանցիոննի կա էդ սարքից»:
Մեղադրողը Զարինե Այվազյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա նույն կերպ կվարվեր, եթե Լիայի արյան անալիզներն ունենար ձեռքին, տեսներ, որ լեյկոցիտների քանակը ցածր է, ինչին մեղադրյալը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ կաներ:
«Կարող էր եւ լեյկոցիտները 1 ու 4 լինել, վիճակն էլի լիներ բավարար, չենք կարող ասել՝ ինչպես կզարգանար հիվանդությունը»,-ասաց Զարինե Այվազյանը՝ պնդելով, որ փոքրիկի մոտ ինքը թոքաբորբի նշաններ չի նկատել. «Այդ օրը թոքաբորբ չեմ տեսել: Ես 200 hիվանդի հետ եմ աշխատել ու արել եմ այն, ինչ պետք է անեի: Երեխայի վիճակը հիվանդությանը համապատասխանող էր, կայնքին սպառնացող վտանգ չեմ տեսել»:
Դատարանն այս դատական նիստին բավարարեց մեղադրողի միջնորդությունը, հաջորդ դատական նիստին ցուցմունք կտան դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետ Սանասար Սեւոյանը, «Արաբկիր» ԲԿ մայրապետներ Մանյակ Մկրտչյանը, Ռուզաննա Օհանյանը եւ լաբորանտ Նաիրա Քոչարյանը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին ցուցմունք էր տվել մյուս մեղադրյալ Լիլիթ Վարդանյանը, որը նույնպես նշել էր, որ ինքն արել է ամեն ինչ, ինչ կաներ յուրաքանչյուր բժիշկ:
Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին: Սկզբում՝ դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, նա մահացել էր:
«Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:



























