«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը վերջին շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել: Խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խորհրդի անդամ Գրիգոր Մինասյանի հետ, որը մասնագիտությամբ իրավաբան է:

Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի նախաձեռնության արդյունքում առաջացրած աղմուկը: Հիշեցնենք, որ նրանք, հղում անելով համապատասխան կարգին, լրագրողնեին զգուշացնում են ԱԺ տարածքում կրել հավատարմագիրը, այլապես կզրկվեն ԱԺ-ն լուսաբանելու հնարավորությունից` կորցնելով հավատարմագիրը:

Ընդամենը` փոթորիկ մեկ բաժակ ջրում: Ինձ համար անընդունելի է լրագրողների գործունեության համար խոչընդոների ստեղծումը, սակայն տվյալ դեպքում խոսքը գնում է որոշակի անհարմարությունների մասին։

Խոչընդոտ  չէ՞ առանձին լրագրողների ԱԺ չթողնելը կամ տեսախցիկներ անցկացնելու համար բյուրոկրատական անիմաստ քաշքշուկներ ստեղծելը:

Հավատարմագրման ինստիտուտն ինքնին խոչընդոտ չէ եւ այն իրավաչափ է:

Լրագրողներ առանց ավելորդ բարդությունների ԱԺ-ն լուսաբանում էին մինչեւ Հրայր Թովմասյանի գալը: Կագն այն ժամանակ էլ կար:

Կարծում եմ, բոլոր կարգերն ու կարգավորումները պարբերաբար վերանայման կարիք ունեն: Օրինակ` դեռեւս 2009 թ. ընդունված եւ մինչեւ օրս գործող ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 18 կետն ակնհայտորեն հակասում է Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 6 հոդվածին: Ըստ այդ կետի` լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե նա տարածել է ապատեղեկատվություն ԱԺ-ի եւ նրա աշխատակազմի գործունեության մասին։ Սա նման է նրան, որ որեւէ վարորդի արգելեն արդեն երթեւեկել Աբովյան փողոցով, որովհետեւ տվյալ վարորդը մեկ անգամ խախտում է կատարել այդ փողոցում: Ճօշտ է, այս կետը դեռ երբեք չի գործադրվել, բայց այն պարունակում է հակասություն օրենքի հետ եւ լրագրողի գործունեության խոչընդոտման իրական ռիսկ։ Հետեւաբար, այս դրույթը կարիք ունի շուտափույթ վերանայման։ Կարծում եմ հենց նման դրույթները վերանայելուն են ուղղված  կամ պետք է ուղղված լինեն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գործունեության միտումները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում