Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. ջրծաղիկ հիվանդությունից մահացած՝ ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի դիակի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը մասնակցած՝ դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը պնդում է, որ բժիշկները մեղավորություն չունեն զինծառայողի մահվան մեջ: Երևեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հարցաքննվող փորձագետն ասաց ՝ «մարդիկ արել են ամեն ինչ, եթե դրանից ավելի էլ անեին՝ երեխան մահանալու էր»:
Նշենք, որ Հայկ Խաչատրյանը բուժվելիս է եղել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում, երբ նրա մոտ նկատվել են ջրծաղիկի ախտանիշեր: 2011թ. դեկտեմբերի 28-ին հոսպիտալի վարակաբանը ցուցում է տվեկ Հայկին տեղափոխել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն նրա մոտ որովայնի շրջանի սուր ցավեր են նկատել, վիրաբույժները կասկածել են, որ հնարավոր է՝ կույր աղիքն է բորբոքվել կամ ստամոքսի խոց ունի եւ պահել են նրան կլինիկայում՝ հետազոտելու համար: Լույս 29-ի գիշերը Հայկի վիճակը կտրուկ վատացել է, նրա մոտ ի հայտ են եկել ցնցումներ, փսխում, գիտակցության կորուստ, առավոտյան ապարատային հետազոտություններից հետո (գաստրոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա) Հայկը ջրծաղիկ ախտորոշմամբ տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը մահացել է:
Մուշեղ Միրիջանյանի խոսքով՝ Հայկի մոտ ջրծաղիկի վիսցերալ ձեւ է եղել, որը կայծակնային է զարգանում եւ մեկ օր շուտ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելը ոչ մի փոփոխություն չէր տա:
«Որպես բժիշկ ես գտնում եմ, որ մեկ օր շուտ էլ տեղափոխելը բան չէր փոխի, դա ուշացում չի: Միեւնույն է՝ ջրծաղիկը կզարգանար: Կայծակնային ընթացքով մահացու ելքով ջրծաղիկներ լինում են, ջրծաղիկը ծանր է ընթանում, որովհետեւ երեխեքը ջրծաղիկի դեմ ոչինչ ստացած չեն լինում»,-ասաց փորձագետը:
Ըստ Մուշեղ Միրիջանյանի՝ բժշիկները ճիշտ որոշում են ընդունել հիվանդին նույն օրը ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելով, քանի որ վիրաբուժական սուր պաթոլոգիան ժխտելու անհրաժեշտությունն առաջնահերթ է եղել:
«Եթե վիրաբուժականը թողնեին, դրանից մահը հարյուր տոկոս էր: Մենք տենց հիվանդներ ենք բերում սուր որովայնային ցավերով, բայց առաջին հերթին սեւեռվում ենք վիրաբուժական պաթոլոգիայի վրա, դրա դեպքում երեք ժամն էլ կարող է մահ առաջացնել: Այդ պատճառով իրենք պարտավոր էին հիվանդին պահել բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա՝ նշելով, որ հետազոտություններն անմիջապես անելը օգուտ չէր տա, հիվանդության դինամիկայում էր հնարավոր ախտորոշել դրանք:
Դատավորըը հարցրեց՝ արդյոք հիմնավորված է եղել այն, որ վարակաբանին տեղյակ չեն պահել, որ Հայկը չի տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց, ինչին փորձագետը պատասխանեց, որ դա միայն վիրաբույժները կամ ադմինիստրացիայի աշխատակիցները կարող են ասել եւ հավելեց. «Ինքն անտեր չի մնացել, հեղուկներ ա ստացել»:
Նշենք, որ այս դատական նիստին եւս տուժող կողմը ներկա չէր, դատավորը ցանկանում էր դատաքննությունն ավարտված համարել, սակայն, հաշվի առնելով, որ տուժող կողմը ցանկություն է հայտնել վիճաբանության փուլին մասնակցելու, որոշեց հետաձգել դատական նիստը, տեղեկացնել Հայկի՝ Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում բնակվող ծնողներին դատական նիստի օրվա մասին:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով` ՀՀ ՔՕ 376 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը), մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին և նույն հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին:





























