Պաշտոնյաների տների վրա հարձակումների կամ այսպես կոչված «Բանդայի» գործով  պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի հորը՝ Ռուբեն Հակոբյանին, գումարի դիմաց որդու մատնահետքերը վերացնելու առաջարկ արած անձինք, որոնք ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ, ոստիկանության հետ կապ ունեին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցումասաց Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը։

«Ես այն ժամանակ խորհուրդ տվեցի, որ ոչ մի դեպքում չհամաձայնի այդ առաջարկությանը։ Արտուշի հայրը այդ մասին իրավապահ մարմիններին հայտնեց, քանի որ տեղյակ էլ չէինք՝ այդ ժամանակ մատնահետքեր կային, թե ոչ, որովհետեւ եզրակացությունը պաշտպանական կողմին ներկայացվել է ձերբակալությունից շուրջ երկու ամիս անց։ Ոստիկանությունը փորձել է  դրանով թակարդ ստեղծել, որ Արտուշ Հակոբյանին ստիպեն մտացածին որեւէ հանցագործություն իր վրա վերցնի»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ այն ժամանակ Ռուբեն Հակոբյանին հարցաքննել են, սակայն որեւէ տեղաշարժ չի եղել գործում. «Դրանից հետո այլեւս հարցաքննություններ չկատարվեցին, եւ ես միանշանակ համոզվեցի, որ այդ ամենը սադրանք  է եղել Արտուշ Հակոբյանի դեմ»։

Փաստաբանի կարծիքով՝ «Բանդայի» քրեական գործը ժամանակի ընթացքում դասական օրինակ է դառնալու իրավաբանների համար, որպեսզի նրանք սովորեն, թե պրակտիկ կյանքում ինչպես է հնարավոր այդպիսի խեղաթյուրումներ, քրեական դատավարության նորմերի էական խախտումներ, եւ անթույլատրելի ապացույցներ ձեռք բերելով մարդկանց ճակատագրերի հետ խաղալ։

«Ես հիմա որեւէ բանի վրա չեմ կասկածում, քանի որ տեսանյութեր կան՝ ոստիկանության նկարահանած, Գագիկ Շամշյանի նկարահանած, որ Ամառանոցային 20 հասցեի տան խուզարկության ընթացքում երեւում է, որ պառկած երեք տղամարդիկ կան, որոնցից մեկին ես ճանաչեցի՝ Հայկ Հակոբյանն էր, որը իբր խուզարկությանն է մասնակցել, իսկ մյուս երկուսը՝ Արամ եւ Արտակ Հայրապետյաններն էին, որոնք չգիտես ոնց դուրս մնացին քրեական գործից։ Ինչպե՞ս նրանք հայտնվեցին Ամառանոցային 20 տանը, նրա՞նք էին դուռը բացել, որ խուզարկությունն սկսեն, թե դուռը ջարդել են, որ խուզարկությունն սկսեն»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռեւս պատասխաններ չունեն։

Փաստաբանը տարօրինակ համարեց, որ ձերբակալությունից 2 ամիս անց դեռ չկային գենետիկ փորձաքննության արդյունքները, դրանք ավելի ուշ են հայտնվել։

Հովիկ Արսենյանը նաեւ անարդարացի համարեց դատավորի որոշումը՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները խորհրդակցական սենյակում քննելու մասին. «Դա ոտնահարում է պաշտպանական կողմի իրավունքները, որովհետեւ մենք պետք է դիրքորոշում հայտնեք այդ միջնորդությունների վերաբերյալ»։

Նշենք, որ այսօր նշանակված դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ դատավոր Մեսրոպ Մակյանը դասընթացների էր մասնակցում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։