Ոստիկանությունը այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Անոնիմուսների երթից» առաջ եւ երթի ժամանակ 8 քաղաքացիներ բերման ենթարկելով խոչընդոտել է նրանց ազատ արտահայտման իրավունքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը մասնակցում էր այսօրվա երթին։
«Նրանք հրաժարվել են դիմակները հանել, բայց նրանց արածի մեջ իրավախախտում չկա: Կարծում եմ, որ դա քաղաքացիների իրավունքների խախտում է, որովհետեւ նրանք շրջել են Գայ Ֆոքսի դիմակներով, եւ դա ֆլեշմոբ է եղել անոնիմուս շարժման խորհրդանիշների կիրառմամբ: Հերթական անգամ առանց որեւէ հիմնավոր պահանջ ներկայացնելու մարդկանց ազատությունից զրկում են թեկուզ այդ 3 ժամով»,- նշեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի խոսքով, ոստիկանների գործողությունները օրինական կլինեին, եթե նրանք կարողանային հիմնավոր պահանջ ներկայացնել՝ ասել, թե ինչու քաղաքացիները պետք է հանեն Գայ Ֆոքսի դիմակները. «Պետք է լիներ դիմակը հանելու հիմնավորում: Նշանակում է դիմակահանդեսների ժամանակ նույնպես պետք է պահանջեն դիմակները հանել: Պետք է ներկայացնեին հիմնավոր պահանջ, թե քաղաքացիները ինչ գործողություն են կատարում, որը հանրության համար վտանգավոր արարք է, կամ որն անձի դեմ ուղղված հանցագործություն է: Հնարավոր է՝ ոստիկանները դիմակներից հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, չգիտեմ»:
Հարցին, թե ինչու են ոստիկանները բերման ենթարկել քաղաքացիներին, իրավապաշտպանը պատասխանեց. «Այդ կերպ փորձել են ուշադրությունը շեղել երթից, որ մարդիկ գնային հավաքվեին ոստիկանության մոտ»:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ի երթի ժամանակ ձերբակալված, ապա դատապարտված 13 անձանց համար արդարացնելու եւ ազատության պահանջով նախաձեռնված «Անոնիմուսների երթի» մեկնարկից առաջ Կասկադի տարածքից բերման էին ենթարկել 7 մասնակցի, որոնք հրաժարվել էին հանել Գայ Ֆոքսի դիմակները: Մի աղջիկ էլ նույն պահանջը չկատարելու պատճառով բերման էր ենթարկվել երթի ժամանակ Ազատության հրապարակից:
Ոստիկանների պահանջով դիմակները հանելուց հետո երթի մանսակիցներն անարգել հասան Ազատության հրապարակ, որտեղ ավարտվեց «Անոնիմուսների երթը»։
Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ 8 քաղաքացիների նկատմամբ վարչական բերում է իրականացվել Վարչական իավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172 հոդվածի 2-րդ կետով (Հասարակական վայրն օգտագործելու կանոների խախտում): Այս պահին կազմվում են արձանագրություններ:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 14 մարդու: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման:




























