Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, ծառայության նկատմամբ դրսեւորելով առերեւույթ անբարեխիղճ վերաբերմունք, հսկողություն իրականացնելով քննվող քրեական գործի նկատմամբ, գործն իր մոտ գտնվելու ընթացքում չի հետեւել նախաքննության ժամկետին, ինչի հետեւանքով քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ստացվել քննության ժամկետը լրանալուց 8 օր անց, որի հետեւանքով ենթադրաբար էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին:
Մասնավորապես` նախաքննության ժամկետն անցնելու պատճառով անհնարին է դարձել դրա հետագա երկարացումը, առաջացել է հանրային իրավահարաբերության տիրույթում գտնվող քրեական գործով վարույթի բնականոն ընթացքն ապահովելու, քրեական գործով վարույթը շարունակելու, ապացույցներ հավաքելու, ստուգելու, գնահատելու եւ դրա հիման վրա` ուրիշի գույքը ենթադրաբար հափշտակած անձին (անձանց) քրեական պատասխանատվության ենթարկելու եւ տուժողի խախտված իրավունքները վերականգնելու անհնարինություն:
Կատարվում է նախաքննություն:




























