Վերաքննիչ քրեական դատարանում քննվող Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատավորական կազմում այսօր՝ նոյեմբերի 6-ին, փոփոխություններ են տեղի ունեցել: Թոշակի անցած Եվա Դարբինյանին  այսուհետեւ կփոխարինի Սերգեյ Չիչոյանը:    Փոփոխության պատճառով ամբաստանյալի պաշտպանը ստիպված եղավ  վերընթերցել նախորդ դատական նիստում ներկայացրած բողոք-պահանջը՝այն մասին, որ առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս անտեսել է մի շարք հանգամանքեր, որոնք կարող էին մեղմացնել պատիժը։ Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Վահե Ղուկասյանին 17 տարվա ազատազրկման դատավճիռը, այն փոփոխել եւ մեղմացնել պատիժը:

Փաստաբանը անտրամաբանական համարեց դատավճռով հաստատված այն փաստը, որ  Վահե Ղուկասյանը դեպքի օրը շրջել է քաղաքով՝ Հարություն Խաչատրյանին («Քավոր Հարութ») գտնելու եւ սպանելու համար։ Ինչպես նա նշեց՝ Վահե Ղուկասյանն իր ցուցմունքում մանրամասն բացատրել է, թե որ ժամին, ինչ նպատակով է եղել այնտեղ, ինչը համընկել է հեռախոսազանգերի վերծանման հետ:

«Բոլորը Գյումրիում գիտեն «Քավոր Հարութին» եւ նրա տան տեղը։ Եթե այդ մարդուն ինչ-որ մեկն ուզեր հայտնաբերել, նա պարզապես տան մոտ կսպասեր մինչեւ ավտոմեքենան տնից դուրս կգար եւ հենց տան մոտ կաներ իր գործողությունները, ոչ թե քաղաքով մեկ կշրջեր՝ հույսով, որ պատահաբար կհայտնաբերի կամ՝ ոչ: Չպարզված շարժառիթներն արդեն վկայում են, որ թերի ինչ-որ բան կա այս գործի մեջ»,- ասաց պաշտպանը։

Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորը հաշվի չի առել 7 վկաների ցուցմունքները, որոնք պատմել են, որ տեսել են, թե ինչպես է «Շեկոն» կանգնեցրել իր ավտոմեքենան, զենքը ձեռքին դուրս եկել, ինչից հետո լսվել են կրակոցներ:

«Ըստ դատավորի՝ նրանց ցուցմունքներն արժանահավատ չեն, քանի որ նրանք ցանկանում են իրենց պաշտպանության տակ վերցնել Վահե Ղուկասյանին: Դատարանի կողմից այդ հայտարարությունը պիտակավորում է»,- ասաց պաշտպանը:

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց նաեւ, որ դատարանը խախտում է թույլ տվել՝ հիմնվելով  դեպքի ժամանակ Հարություն Խաչատրյանի հետ եղած նրա դստեր ոչ թե առաջին, այլ երկրորդ վկայության վրա, որը նա տվել է դեպքից մեկ ամիս անց։

Դատախազ Արմեն Շիրոյանը հակադարձեց բողոքի դրույթներին՝ պահանջելով անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի 17 տարվա ազատազրկման դատավճիռը` անհիմն համարելով պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը:

Ըստ մեղադրողի` առաջին ատյանի դատարանը վճիռը արդարացի է եւ այն կայացնելիս հաշվի է առնվել կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը, Վահե Ղուկասյանի մասնակցությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի միջնորդությունները կքննվեն հաջորդ դատական նիստին, սակայն NEWS.am-ի հետ զրույցում Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում միջնորդություններ ներկայացնել:

«Բոլորիս հարցրեց, ունենք միջնորդություններ, թե ոչ, մենք ասացինք՝ ոչ, հասավ Վահեի հերթը, ասաց դա արդեն հաջորդ նիստին: Եթե բոլորս ասեինք, որ միջնորդություններ չունենք, արդեն պետք է դատական ակտ կայացվեր, իսկ դատը հետաձգելու համար պետք է մի պատճառաբանություն աներ»,- ասաց պաշտպան Հայկ Ալումյանը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայան նոյեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում։