Երեւանում հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությամբ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն նոյեմբերի 6-ին մեկնարկեց «Կամար» բազմաֆունկցիոնալ համալիրի  կառուցման նախագիծը Հայաստանում առաջին «կանաչ» բիզնես  կենտրոնի նախագիծն է, որը շինարարության ավարտից հետո կհավաստագրվի BREEAM-ի՝ աշխարհում «կանաչ» շինությունների էկոլոգիական գնահատման եւ դասակարգման առաջատար համակարգերից մեկի կողմից։

Նման եզակի «Ա» դասի բիզնես կենտրոնի կառույցն ապահովելու է էներգախնայողության եւ էկոլոգիական շինարարության բոլոր չափանիշները, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում, եւ էապես նպաստելու է Հայաստանում բիզնես- կենտրոնների շինարարության ստանդարտների զարգացմանը։

Շենքի սեփականատերը` «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն կարեւորելով այդ տարածքի կառույցների ճարտարապետական նշանակությունը եւ այն պահպանելու ու գալիք սերունդներին ժառանգելու  առաքելությունը` մեծ պատասխանատվությամբ ու հոգածությամբ նախաձեռնել է այդ կառույցների վերակառուցման աշխատանքները` մինչ շինարարության սկիզբը տարիներ շարունակ տարբեր ձեւաչափերով քննարկելով այս նախագծի կազմակերպման հնարավոր լավագույն տարբերակները շահառուների հետ:

Բացման արարողության ժամանակ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեցյանն ասաց, որ համալիրի կառուցման նախագիծը նախաձեռնել ենք դեռեւս 5 տարի առաջ. «Մենք ուսումնասիրել ենք տվյալ տարածքի պատմական նշանակություն ունեցող կառույցների ողջ պատմությունն ամենայն մանրամասնությամբ, կառույցների փաստացի վիճակը եւ պահպանման լավագույն հնարավորությունները: Այդ նպատակով կազմակերպել ենք ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ` ներգրավելով տարբեր երկրների լավագույն մասնագետներին, հրավիրել ենք բազմաթիվ լսումներ փորձագետների եւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Մեր սկզբունք է` լինել առավելագույնս թափանցիկ եւ պահպանելով հինը` կերտել նորը: Առաջնորդվելով նման կարգախոսով` մշակել ենք յուրաքանչյուր քարի պահպանման, ընդհանուր տարածքի ճարտարապետական ոգուն համահունչ համալիրի կառուցման նախագիծ, որը նաեւ կհամապատասխանի «կանաչ» կառույցի շինարարական աշխատանքների ամենաժամանակակից ու բարձրակարգ չափանիշներին»:

Համալիրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 37 մլն դոլար: Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (International Finance Corporation, IFC) տրամադրել է 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաեւ ներգրավել է եւս 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ DEG (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH) միջազգային կառույցից: Նախագծի ֆինանսավորման մնացած գումարն ապահովելու է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն` իր միջոցների հաշվին:

IFC Ներդրումային ծրագրերի ավագ համակարգող Արման Բարխուդարյանն իր հերթին նշեց, որ ժամանակակից բիզնես կենտրոնների աճը խթանում է տնտեսական գործունեությունը, ինչպես նաեւ բարձրացնում տեղական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատերերի աշխատանքի արդյունավետությունը. «Հայաստանում բիզնեսի գործունեության ենթակառուցվածքային հզորացումը եւ «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումը ապագայում կնպաստեն եւ օրինակ կծառայեն Հայաստանում էներգախնայող շինարարական ծրագրերի երկարաժամկետ զարգացմանը»:

«DEG-ն հպարտ է, որ մասնակցում է այս նորարարական նախագծին: Այն օրինակելի նախագիծ է, քանի որ հաշվի է առնում Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման նշանակությունը եւ միաժամանակ էներգախնայողության տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հիմք է դնում տարածաշրջանում շինարարական նոր ստանդարտների ներդրմանը: Այն նաեւ ստեղծում է նոր աշխատատեղեր եւ բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ»,- ասաց DEG Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ  Կենտրոնական Ասիայի երկրների տնօրեն դոկտոր Փիթեր Թիմմեն:

«Կամար» բիզնես-կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2016թ. նոյեմբեր ամիսը: Համալիրում գործունեություն են ծավալելու հիմնականում ֆինանսական, խորհրդատվական ընկերություններ եւ միջազգային կառույցներ։

Նշենք, որ բիզնես-կենտրոնի ընդհանուր տարածքը կազմելու է 14 հազ.քմ, որպես վարձակալությամբ տրվող տարածք, բայց ընդհանուր շինարարական ծավալը կկազմի մոտ 23 հազ. քմ է։