Գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն իր երկրապահական անդամատոմսը ստացել է դեռ 1990թ.-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով Ազատամարտիկների դաշինքի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը ԵԿՄ անդամ է դարձել միայն Վազգեն Սարգսյանի մահվանից հետո:
«Երկրապահի պատմությունից անտեղյակ Ռուստամ Գասպարյանը ստում է` աղավաղելով Երկրապահի պատմությունը: 1991թ. զոհված Թաթուլ Խաչատրյանը, 1993 թվականին ապրիլին զոհված Արա Հարությունյանը, 1993թ. հուլիսին զոհված Հայրապետ Նավասարդյանը, 1994թ. մայիսին զոհված Մեխակ Մեխակյանը եւ Էջմիածնի Երկրապահ կամավորական ջոկատի մի շարք տղաներ, թվով 13 հոգի, Մանվել Գրիգորյանի հետ երկրապահական առաջին անդամատոմսերը ստացել են 1990թ. օգոստոսին Երկրապահի առաջին հռչակագրի ընդունումից հետո` Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ: Անդամատոմսերը Երեւանից` տեխնիկայի տանը տեղավորված շտաբից, ես եմ բերել Էջմիածին: Տոմսերը լրացնում էին լուսահոգի Սամվել Խաչատրյանն ու գնդապետ Սերգեյ Առաքելյանը: Այդ նույն անդամատոմսերը Էջմիածնից Հադրութ է հասցրել Մեխակ Մեխակյանը: 1990թ. նոյեմբերին, երբ Էջմիածնի Երկրապահ ջոկատի մի խմբին՝ Հադրութի Դուդուկչի գյուղում ձերբակալեցին, ադրբեջանական պետական հեռուստատեսությունը երեք օր անընդմեջ Մանվել Գրիգորյանի անդամատոմսն էր ցույց տալիս, շարունակ հայտարարելով, որ ձերբակալվել է ՀՀ Գերագույն խորհրդի Երկրապահ զորամիավորման մինչև ատամները զինված մի խմբավորում` հրամանատար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ գեներալ Մանվելը 1990 թվականից Էջմիածնի երկրապահ ջոկատի հրամանատարն էր՝ հիմնադիր հրամանատար. «Ազատագրական և ինքնապաշտպանական պայքարի առաջին օրերից առանց ընդմիջումների լինելով Հադրութի Էդլվա ձորակի ինքնապաշտպանական գծում՝ Մանվել Գրիգորյանը միաժամանակ միշտ հայտնվել է այն թեժ կետերում, ուր նրան ուղարկել է Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն»:
Նշենք, որ Ռուստամ Գասպարյանը մասնավորապես ասել էր. «Մանվել Գրիգորյանը Արցախյան հերոսամարտի ժամանակ լուրջ պայքարել է, սակայն Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք ԵԿՄ-ական չի եղել»:




























