Վերաքննիչ դատարանը այսօր՝ նոյեմբերի 6-ին, մերժեց դատախազի բողոքը եւ ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով  անչափահասին առեւանգելու եւ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար 26-ամյա Նարեկ Դավթյանը դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ պատժի պայմանականորեն չկիրառմամբ։ Նշենք, որ դատախազ Մ. Հարությունյանը պահանջում էր, որ Նարեկ Դավթյանը իր պատիժը կրի կալանավայրում։

Նշենք, որ Նարեկ Դավթյանը մեղավոր է ճանաչվել 2012թ. դեկտեմբերի 2-ին 15-ամյա Գ. Առաքելյանին առևանգելու, եւ դեկտեմբերի 25-ին փոխադարձ համաձայնությամբ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Գ. Առաքելյանը հղիացել է եւ երեխա լույս աշխարհ բերել:

Դատախազն իր բողոքը հիմնավորեց նրանով, որ առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս որպես մեղմացնող հանգամանք է համարել այն, որ Նարեկ Դավթյանի խնամքին անչափահաս կին և մանկահասակ երեխա կա, այնինչ Դավթյանը, ըստ դատախազի, չի խնամում կնոջը եւ երեխային:

Դատարան ներկայացած անչափահաս Գ. Առաքելյանը հայտարարեց, որ չի ցանկանում՝ ամուսնուն ազատազրկեն:

Գ. Առաքելյանը հայտարարեց, որ իրենք ամուսիններ են, բայց դատարանի հարցերին պատասխանելիս պարզ դարձավ, որ վերջին անգամ «ամուսնուն» տեսել է օգոստոս ամսին:

«Դե հիմա ես իմ հայրական տանն եմ բնակվում, ինքը պայմանագրային զինծառայող է, գործի բերումով ուշ-ուշ է գալիս: Նրանց տանը չեմ բնակվում, որովհետեւ հարազատների հետ հարաբերությունները լավ չեն»,- նշեց Առաքելյանը:

Նախագահող դատավոր Արշակ  Խաչատրյանի հարցին, թե արդյոք Նարեկ Դավթյանը նյութապես օգնում է իրենց, անչափահասը պատասխանեց. «Նյութապես չի օգնում, հնարավորություններ չունի»:

Դատարանը հարցեր տվեց նաեւ անչափահասի մորը, որը կասկած հայտնեց, որ դատական գործընթացի ավարտից հետո Նարեկ Դավթյանը հնարավոր է՝ հրաժարվի Գ. Առաքելյանից եւ երեխայից:

«Հնարավոր է՝ հիմա ինքը փրկվի, հետո ասի՝ չէ: Հիմա մարդկանց դժվար է ճանաչել, վստահել»,- ասաց աղջկա մայրը:

Դատավորի հարցին, թե «լա՞վ փեսա է» Նարեկը, աղջկա մայրը պատասխանեց. «Հիմա լավ փեսա չկա»:

Աղջկա մայրը դատարանին խնդրեց չազատազրկել Նարեկ Դավթյանին, որպեսզի նա «աշխատի եւ իր երեխային պահի»:

Մեղադրյալ Նարեկ Դավթյանը ուշացել էր դատական նիստից, նիստերի դահլիճ մտավ որոշման հրապարակման ժամանակ:

Դատարանը որոշեց անփոփոխ թողել Դավթյանի նկատմամբ 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը չկիրառելու որոշումը, բայց երբ դատական նիստն ավարտվեց, նախագահող դատավորը Նարեկ Դավթյանին զգուշացրեց, որ եթե նա ընտանիք չկազմի Գ. Առաքելյանի հետ, կկրի պատիժը:

Գ.Առաքելյանի եւ Նարեկ Դավթյանը դատական նիստերի դահլիճում իրար հետ չշփվեցին, դատարանի բակում մի քանի րոպե խոսեցին եւ առանձին հեռացան:

Գ. Առաքելյանի հարազատներից տեղեկացանք, որ Նարեկ Դավթյանը եւ նրա հարազատները չեն այցելում 10 ամսական երեխային: Նրան տեսել են միայն առաջին ատյանի դատարանում: