Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի գործն արդեն դատարանում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես բժիշկ-վիրաբույժ իր մասնագիտական պարտականությունները դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարել է ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը:

Բժշկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Վլադիմիր Ղուկասյանը կալանավորված է:

Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: